ՔՊ խմբակցության քարտուղարը վարչապետի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Քննարկում ենք այս ծանրագույն իրավիճակից դուրս գալու մեր ելքերը, նիստին մասնակցում էին նաև կառավարության մեր գործընկերները, այդ հանդիպումները պարբերական են՝ գրեթե ամեն շաբաթ մենք վարչապետի հետ մի քանի ժամանոց հանդիպումներ ենք ունենում։ Այսօր ԱԺ-ում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց Factor.am-ի այն հարցին, թե խմբակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ ինչ է քննարկում և հնարավո՞ր է որոշ մանրամասներ հայտնել
«Մանրամասները նրանք են, որոնք հայտի են բոլորիս։ Գլխավոր նպատակը լուծումների փնտրտուքն է»,- ասաց նա։
Հարցին ի պատասխան, թե խաղաղության պայմանագրի կնքման շուրջ քննարկումներ ընթանում են, Հովհաննիսյանը նշեց․
«Այս պահին որևէ փաստաթուղթ չկա , որը կարելի է քննարկել, ոչ էլ նախագիծ կա, որը կարելի է քննարկել։ Մեր պատկերացումները ամեն րոպե ու միշտ են քննարկվում, պետք է քննարկենք ու ամեն ինչ անենք, որ մեր գործողությունների արդյունքում կարողանանք Ադրբեջանին վերադարձնել բանակցային սեղան և ՀՀ սուվերեն տարածք ներխուժած իրենց զորքերին հետ տանք ելման դիրքեր և բանակցությունների միջոցով վերջապես կարողանանք խաղաղության համաձայնագիր կնքել, որտեղ նաև կկարողանանք ապահովել արցախահայության իրավունքները»։
Հովհաննիսյանը ասաց նաև, որ զենքի համար վճարելու և այն չստանալու մասին հարցերին վարչապետն ինքը պարզաբանումներ կտա․ «Կարծում եմ ՝ վարչապետն ինքը այսօրվա հարցազրույցում կբացի թեման և առավել մանրամասն կներկայացնի։ Վարչապետի ելույթը հանրության լայն շրջանակների համար առավել քան հասկանալի էր»,- ընդգծեց պատգամավորը։ Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր՝ ժամը 20:00-ին, ուղիղ եթերում կպատասխանի Հանրային հեռուստաընկերության հարցերին:
Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ այսօր խմբակցության նիստի ընթացքում պատգամավորները քննարկում էին ԿԸՀ անդամների թեկնածությունները, որոնք խմբակցությունը կառաջադրի այսօր կամ առաջիկա օրերին։



