ՔՊ-ականները մերժեցին ՓՄՁ-ների վիճակը վատացնող հարկային փոփոխությունները չեղարկելու կոլեկտիվ հանրագիրը
«Այս օրենքն ընդունվել է առանց ազդեցության գնահատման, որի համար կա կառավարության ընդունած կարգ, և պետք է արվեր, քանի որ գործ ունենք այնպիսի շահառու խմբի հետ, որը ներառում է 50 հազարից ավել գերփոքր բիզնես»,-տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում հայտնեց ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը։
Նա զեկուցեց ասոցիացիայի ներկայացրած կոլեկտիվ հանրագիրը՝ «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 340-Ն և 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-285-Ն օրենքներն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (Կ-960-11.11.2024-ՏՀ-011/1) օրենքի նախագիծն երկրորդ ընթերցմամբ չընդունելու մասին» առաջարկությունների հիմնավորվածության վերաբերյալ»» եզրակացության նախագիծը:
Ավագյանը հիշեցրեց ընդունված օրենքներերը, որոնցով խստացվել է վարչարարությունը շրջանառության հարկ վճարողների համար, հարկերի դրույքաչափերն են բարձրացվել, իսկ վերջերս ընդունված օրինագծով 2025 թվականի հուլիսի 1-ից հաշվապահներն ու իրավաբաններն այլևս իրավունք չունեն գործելու հարկման այլընտրանքային ռեժիմով։
Ավագյանը նշեց, որ հանրագրով առաջարկվում է վերացնել փոքր բիզնեսի համար սահմանված վերոնշյալ վատթարացնող հարկային փոփոխությունները, ինչպես նաև չընդունել հաշվապահական և իրավաբանական ծառայությունների մասով հարկային բեռ ավելացնող դրույթները:
Նա անընդունելի համարեց տարվա կեսից վատթարացնող նորմ ընդունելը և առաջարկեց այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտած դրույթները չեղարկել
Հանձնաժողովի նախագահի տեղակալ ՔՊ-ական Բաբկեն Թունյանըն էլ հակադարձեց թե՝ Կառավարության նպատակը ՓՄՁ-ների համար հարկային բեռն ավելացնելը չի եղել, այլ՝ բոլորի համար հավասար պայմաններ ապահովելը:
Ըստ Թունյանի, այս պահին անիրատեսական է չեղարկել մի քանի ամիս առաջ ուժի մեջ մտած կարգավորումը, որը քննարկվել և ընդունվել է ու դրա վերաբերյալ ներկայացված հակափաստարկներ չկան:
Հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները քվեարկությամբ մերժեցին հանրագիրը։