կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՔՊ-ական պատգամավորը, խոսելով Բաքվի պահանջների մասին, բացառեց որևէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում

ՔՊ-ական պատգամավորը, խոսելով Բաքվի պահանջների մասին, բացառեց որևէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում

Մենք բանակցային պրոցեսում բազմիցս ականատես ենք եղել, երբ մեր որոշակի գործընկերներ գնահատականներ են հնչեցրել, որ կամ կիսատ են եղել, կամ իրականությանը չեն համապատասխանել, կամ իրենց մեջ ունեցել են ապակառուցողական տարր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ նախքան սահմանազատման գործընթացը Ադրբեջանին հանձնվեն չորս գյուղեր:

Նա, մասնավորապես, նշեց. «Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն սահմանազատման ու սահմանագծման գործողություն, անվիճարկելի է: Այն, որ մենք գնում ենք դրան, եւս անվիճարկելի է: Այն, որ այդ պրոցեսում մեզ փորձելու են ներքաշել, սադրել եւի փորձել մեզնից ստանալ նաեւ անկայունություն, դա եւս նոր բան չէ: Այն, որ տարբեր ուժային կենտրոններ կարող է շահագրգռված չլինեն, որ Հայաստանն իր անվտանգային հարցերը կարգավորի, սա եւս նորություն չէ: Մենք ավելի սառնասիրտ պետք է լինեն եւ խոսենք իրականության մասին, ոչ թե մեկնաբանենք ինչ-որ հայտարարություններ»:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ ՔՊ խմբակցության վերջին փակ հանդիպումներին՝ ասելով. «Մենք այդտեղ քննարկում ենք ամենատարբեր հարցեր»:

Լրագրողների ճշտող հարցին՝ հնարավորություն կա՞, որ սկզբում գյուղերը հանձնվեն, հետո նոր սահմանագծում լինի, իշխող խմբակցության պատգամավորն արձագանքեց. «Ցանկացած գործընթաց պետք է լինի տրամաբանության մեջ: Ցանկացած գործընթաց, որին պետք է համաձայնի Հայաստանը, պետք է բխի ՀՀ շահերից: Սահմանազատման գործընթացը ամբողջ աշխարհում որոշակի տարածքներում առաջ են գալիս, որոշակի տարածքներում հետ են գնում: Դա բնական պրոցես է: Այլ բան է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ՀՀ պետական շահը բավականին արդյունավետ գործի: Մենք ունենք դրա բոլոր հնարավորությունները: Որեւէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում չի կարող լինել»:

  • Կիսվել: