երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քոչարյանի, նրա հովանավորյալ Վազգեն Մանուկյանի և հրապարակում հավաքված մյուս սուբյեկտների իշխանության գալու հեռանկարը շատ մշուշոտ եմ պատկերացնում․ Բաբաջանյան

Քոչարյանի, նրա հովանավորյալ Վազգեն Մանուկյանի և հրապարակում հավաքված մյուս սուբյեկտների իշխանության գալու հեռանկարը շատ մշուշոտ եմ պատկերացնում․ Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված զինադադարի վերաբերյալ հայտարարությունը արցախյան խնդրի վերջնական լուծում չի ենթադրում։ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների մեծ պատուհան և հնարավորություն կա, եթե անհրաժեշտ կարողություններ կենտրոնացնենք և հասունություն հանդես բերենք։ Մինչ այդ, սակայն, Թուրքիայի ներգրավմամբ՝ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա աղետաբեր պատերազմի հրադադարից նույնիսկ մեկ ամիս չանցած 17 քաղաքական ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ Թուրքիայի դեմ դաշինքի մաս կազմելու վերաբերյալ հայտարարությունը հայ ժողովրդի և Հայաստանի պետականության դեմ դավադիր արկածախնդրություն է։ Հայաստանի առաջին վարչապետի և 17 ուժերի վարչապետի թեկնածուի սույն հայտարարությունը այս պահին Թուրքիային Հայաստանի վրա հարձակվելու իրական հրավեր է։

Վազգեն Մանուկյանը չի կարող չհասկանալ, որ Ռուսաստանն ու Թուրքիան ամբողջությամբ ներդաշնակեցրել են իրենց ներկայությունը, շահերը և գործողությունները տարածաշրջանում և այս փուլում ցանկացած այսպիսի անզգույշ և ամբողջությամբ ներքին սպառման համար արված ամբոխահաճո խոսքը Հայաստանի կողմից ընդդեմ Թուրքիայի, կարող է ընկալվել ընդդեմ ռուս-թուրքական տանդեմի արված հայտարարություն՝ իր բոլոր անդառնալի հետևանքներով։
Չգիտեմ, Վազգեն Մանուկյանը տեղյա՞կ է, թե՞ ոչ, բայց արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Հայաստանի տարածք ներխուժելու իրական վտանգ է եղել։ Եւ սա այն բաց տեղեկությունների համատեքստում, երբ թուրքական բանակը դեռ Իգդիրում է:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ամեն՝ ընդհուպ սեփական երկիրը ներքին և արտաքին մահաբեր և օրհասական մարտահրավերների առջև կանգնեցնելու և ավերակների վերածելու գնով իշխանության գալը հրապարակում հավաքված ուժերի և նրանց պայքարի իրական շահառուի՝ Քոչարյանի համար կենաց մահու հարց է։ Նա, ում համար հրապարակում հավաքված ուժերը առաջիկա երեքշաբթի օրը վարչապետի հրաժարականի վերջնաժամկետ է ներկայացվել, քանիցս ապացուցել է, որ իր իշխանության երկարակեցության համար ոչ մի միջոցի առջև խտրություն չի դնելու, և դառը պարտության հետևանքով պետության տկարությունը, կառավարման համակարգի գրեթե չգոյությունը, բանակին հասցված ֆիզիկական և բարոյական հարվածները, արտագաղթի հեռանկարը՝ պայքարը ռացիոնալ, սթափ, ողջամիտ և ամենակարևորը քաղաքական հուն տեղափոխելու պատճառ չէ նույնիսկ։

Գալով Թուրքիային։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով մեկնարկելիք բանակցությունները Արցախի կարգավիճակի և հիմնախնդրի կարգավորման նպատակով, ինչ որ պահից պետք է ներառի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման փաթեթը։ Այն որ Թուրքիան ղարաբաղյան խնդրի կողմ է մեզ համար պետք է պարզ լիներ 2009-2010 թվականից, երբ Թուրքիան անթաքույց նշեց հայ-թուրքական արձանագրությունը չվավերացնելու պատճառը։

Հայաստանում առաջիկա ամիսներին անխուսափելի արտահերթ ընտրություններից հետո կձևավորվի նոր իշխանություն, որը պետք է ձևակերպի Հայաստանի արտաքին քաղաքական նոր օրակարգը, որից, ըստ էության, կախված է լինելու Հայաստանի պետականության գոյությունը, ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը։

Քոչարյանի, նրա հովանավորյալ Վազգեն Մանուկյանի և հրապարակում հավաքված մյուս սուբյեկտների իշխանության գալու հեռանկարը շատ մշուշոտ եմ պատկերացնում, բայց Թուրքիայի հետ խոսելու, հարաբերությունները կարգավորելու հարցը պետք է վերադարձնել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգ։ Եթե դա չանի Հայաստանը, դա մեր փոխարեն կանեն ուրիշները, և իհարկե, ինչպես միշտ կանեն Հայաստանի հաշվին»։

  • Կիսվել: