երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քոչարյանի աջակից տղամարդուն մեղադրանք է առաջադրվել․ գործն ուղարկվել է դատարան

Քոչարյանի աջակից տղամարդուն մեղադրանք է առաջադրվել․ գործն ուղարկվել է դատարան

ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես ՀՀ Քննչական կոմիտեից Primenews.am-ին հայտնում են, դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 12-ին: Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1979թ., վիճաբանության է բռնվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցներից մեկի հետ՝ ծնված 1967թ., որի ժամանակ դիտավորությամբ ոտքով մի քանի անգամ հարվածել է վերջնիս մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ աջ սրունքի զույգ ոսկրերի վերին երրորդականի ներհոդային, փակ, բազմաբեկոր, տեղաշարժված կոտրվածքների ձեւով:

Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ ձեռնարկվել քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արդյունքում՝ պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

  • Կիսվել: