շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Քննարկվել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի էներգամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը

Քննարկվել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի էներգամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին և ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին։

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ Տիգրան Ավինյանին է ներկայացվել մայրաքաղաքի փոքր կենտրոնի 31 փողոցներում (145 000 սպառողներ)  գոյություն ունեցող էլեկտրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը, որի նպատակը նշված հատվածում  էներգախափանումները բացառող նոր համակարգ ստեղծելն է։

«Ըստ այդմ, պետք է ստեղծվի ցանց՝ ապահովված երկկողմանի սնուցման աղբյուրներով։ Նախաձեռնությունը ենթադրում է համակարգային բարեփոխումներ գործող համակարգում՝ ներառյալ նոր բաշխիչ ցանցերի և ենթակայանների տեղակայումը։ Մասնավորապես, բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում դեռևս ԽՍՀՄ տարիներից գոյություն ունեցող 23 տրանսֆորմատորային ենթակայանն, անվտանգության նկատառումներից ելնելով, դուրս կբերվեն և տեղ կգտնեն այդ նպատակով կառուցվելիք առանձին շենքային պայմաններում։ Եվս 31 ենթակայան կարդիականացվի և կհամապատասխանեցվի ժամանակակից պահանջներին։
Վերը նշված ծրագիրն իրագործելու նպատակով «ՀԷՑ»  ՓԲԸ-ն նախատեսում է ներդնել շուրջ 6․7 միլիարդ ՀՀ դրամ։ Ծրագիրը կիրականացվի 2-3 տարվա ընթացքում։

Քաղաքապետ Ավինյանն ողջունել է գաղափարը և հատկանշել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների չափով հնարավորինս պատրաստ է օժանդակել ծրագրի անխափան ընթացքին»,- նշված է հաղորդագրությունում։

 

  • Կիսվել: