ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Քննարկվել է հայկական և եգիպտական տուր օպերատորների միջև առաջին բիզնես ֆորումի կազմակերպման հարցը

Քննարկվել է հայկական և եգիպտական տուր օպերատորների միջև առաջին բիզնես ֆորումի կազմակերպման հարցը

Փետրվարի 8-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ, դեսպան Դալիա Աբդել Ֆաթթահի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրույցի ընթացքում դեսպան Հր. Փոլադյանը ներկայացրել է ԵԱՀ քաղաքացիների համար ընդունված խմբային վիզային ռեժիմի պարզեցված համակարգը, որն արդեն իսկ մտել է ուժի մեջ։ Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած փոփոխությունները զբոսաշրջության զարգացման խթան կհանդիսանան։

Այս համատեքստում, հաշվի առնելով 2021 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ դեսպան Հր. Փոլադյանի և ԵԱՀ զբոսաշրջության և հնությունների նախարար Խալիդ էլ Էնանիի հետ հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները, զրուցակիցները քննարկեցին հայկական և եգիպտական տուր օպերատորների միջև առաջին բիզնես ֆորումի կազմակերպման հարցը։

Զբոսաշրջության բնագավառում հայ-եգիպտական համագործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են Շարմ էլ Շեյխ - Երևան և Հուրգադա - Երևան կանոնավոր չվերթերի առկայությունը, որոնց ներուժը դեռ ամբողջությամբ չի օգտագործվում։

Զրույցի ավարտին եգիպտացի պաշտոնյան անդրադարձել է Եգիպտոսի հայ համայնքի դրական դերակատարությանը և կարևորությանը Եգիպտոսի, ինչպես նաև՝ հայ-եգիպտական հարաբերությունների համար։

  • Կիսվել: