երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում առաջարկել են կոալիցիոն հուշագիր ստորագրել, ես մերժել եմ. Մամիկոն Ասլանյան

ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում առաջարկել են կոալիցիոն հուշագիր ստորագրել, ես մերժել եմ. Մամիկոն Ասլանյան

«Վարդաշեն» ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողները Վանաձորի ՏԻՄ ընտրութուններում առավել շատ ձայներ հավաքած Մամիկոն Ասլանյանինց հարցրեցին, ե՞րբ է սկսելու զբաղվել քաղաքական ակտիվ գործունեությամբ։

«Չգիտեմ՝ իմ ֆիզիկական վիճակը, հոգեվիճակը ոնց է։ Ես ոչ մի տեղ չեմ կորչելու, ոչ մի բանից չեմ խուսափում։ Իմ մոտեցումները չեն փոխվել, ոչնչից չեմ վախեցել, չեմ խեղճացել, կամքս չի կոտրվել: Ընդամենը ես մարտավարական առումով պետք է հասկանամ իմ անելիքները: Եթե մինչ այժմ տուժել եմ միայն ես, չեմ ցանկանա, որ տուժեն նաև այլ մարդիկ»,- ասաց նա։

Մ. Ասլանյանը հաստատեց տարածված այն տեղեկությունները, որ իր՝ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում առաջարկել են կոալիցիոն հուշագիր ստորագրել։

«Անձնավորված խոսակցություններ չեմ ուզում ի հայտ բերել, դրանց մասին հրապարակային խոսել։ Բնականաբար եղել է առաջարկություն, որ կոալիցիոն հուշագիր ստորագրվի։  Ես էլ ասել եմ, որ ընտրական այս  տրամաբանության մեջ, որը տեղի էր ունեցել Վանաձորում 2021թ.  չի կարելի: Կարող էր լինել աշխատանքային, ոչ քաղաքական համագործակցություն»,-ասաց նա։

Ճշտող հարցին՝ ո՞ր ուժի կողմից է իրեն եղել կոլաիցիոն հուշագիր ստորագրելու առաջարկություն, Մամիկոն Ասլանյանն արձագանքեց. «Ես աշխատանքային համագործակցության մասին հայտարարություն եմ տարածել, որ պատրաստ եմ ոչ քաղաքական, աշխատանքային համագործակցության: Այնտեղ եղել է քաղաքական համագործակցության խնդիր, որը ես մերժել եմ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվում:

Նշենք, որ Ասլանյանն անազատության մեջ էր հայտնվել 2021-ի դեկտեմբերին՝ տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Վանաձորը 5 տարի ղեկավարած Ասլանյանը պնդում է՝ քաղաքական հետապնդման է ենթարկվում։

  • Կիսվել: