երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Քաշքշուկ ԱԺ-ում․«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները փորձեցին հարձակվել Արման Բաբաջանյանի վրա, երբ նա պահանջեց ներողություն խնդրել Պետրոսյանի ասածի համար

Քաշքշուկ ԱԺ-ում․«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները փորձեցին հարձակվել Արման Բաբաջանյանի վրա, երբ նա պահանջեց ներողություն խնդրել Պետրոսյանի ասածի համար

Քրեական ենթամշակույթի վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ այսօր Ազգայի ժողովում պատգամավորների միջև ընդհարում տեղի ունեցավ. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները գոռգոռոցով գրեթե հարձակում գործեցին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի վրա՝ վիրավորելով նրան:

Ամեն ինչ սկսեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայտարարությունից հետո, որը, հիշեցնենք, դեմ է այս նախագծին: «Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է կառավարությունը գերակայություն հռչակել այս պայքարը, քանի որ սա ոչ թե հանցավորության դեմ պայքար է, այլ՝ ինչ-որ անորոշ երևույթներ: Պարոն նախարար (նկատի ունի ԱՆ Ռուստամ Բադասյանին), Դուք ասում եք «գողական աշխարհ», դա ի՞նչ է, ով կարող է դրա սահմանն ընդգծել: Լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ, սակայն մի հուշում անեմ՝ գողականի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրա դեմ պայքարել», -հայտարարեց Պետրոսյանը և հեռացավ ԱԺ դահլիճից:

Ամբիոնին մոտենալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կոչ արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը ներողություն խնդրել իր պատգամավորի նման պահվածքի համար. «Ես հույս ունեմ՝ Բարգավաճ Հայաստանի անունից ինչ-որ մեկն այստեղ պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ պահվածքի համար և Ազգայինն ժողովի նախագահին կոչ եմ անում անպայման արձագանքել այս անթույլատրելի պահվածքին»:

Բաբաջանյանի ելույթը քրեական ենթամշակույթի անթույլատրելիության և դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին էր: Բայց նրա պնդմամբ, «թույլ, վախվորած ոստիկանական համակարգով» դժվար կլինի դրա դեմ պայքարելը:

Այդուհանդերձ, նրա ելույթի ընթացքում ԲՀԿ-ականների կրքերը չէին հանդարտվում և խմբակցության շարքերից պարբերաբար ընդհատում էին նրան, որը դադարում էր ԱԺ նախագահի պարբերական սաստումներով:

Ելույթից հետո երբ պատգամավորը մոտենում էր իր շարքին, ԲՀԿ-ականները ազատություն տվեցին իրենց լեզուներին, տեղ-տեղ ձեռքերին՝ փորձելով հարձակվել Բաբաջանյանի վրա: Հատկապես ակտիվ էին Ջանիբեկ Սարիբեկյանը, Արթուր Դալլաքյանը: Սակայն «Իմ քայլի» ու Բարգավաճ Հայաստանի որոշ անդամների միջամտությամբ վեճը լռեցվեց: Սաստեց նաև Ազգային ժողովի նախագահը. «Պատգամավորներն այստեղ խոսում են միայն մի ձևով՝ հերթագրվում են ու ելույթ ունենում: Նրանք չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար: Ով այս նորմերը չի գիտակցում, թող հրաժարվի պատգամավորական մանդատից, հայաթում բիսեդկեն լռվի»:

 

 

  • Կիսվել: