Քարթերի կյանքը մարդկությանը ծառայելու վառ օրինակ է, նրա թողած ժառանգությունը կոգեշնչի սերունդներին
Երեկ կյանքից հեռացավ ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը։ Նրա ողջ գործունեությունը նվիրված էր խաղաղությանը և արդարությանը, գրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Որպես նախագահ՝ Քարթերը հասավ 20-րդ դարի ամենանշանակալի դիվանագիտական հաջողություններից մեկին՝ Եգիպտոսի և Իսրայելի միջև Քեմփ Դեյվիդի համաձայնագրերի ստորագրմանը։ Մարդու իրավունքների և բնապահպանական խնդիրների նկատմամբ ուշադրությունը նրան դարձրին իր ժամանակից առաջ անցած առաջնորդ։
Պաշտոնավարման ավարտից հետո Քարթերը շարունակեց ծառայել խաղաղությանը՝ մարդասիրական գործունեության միջոցով։ Նրա աշխատանքը Քարթերի Կենտրոնում, որն ուղղված էր հիվանդությունների դեմ պայքարին, ժողովրդավարության աջակցությանը և ճնշվածների իրավունքների պաշտպանությանը, 2002 թվականին դարձրեց Քարթերին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Ես երբեք չեմ մոռանա մեր հանդիպումը Քարթերի Կենտրոնում 2010 թվականին, երբ նա մակագրեց և ինձ հանձնեց իր հեղինակած գիրքը։ Այդ պահը դարձավ իսկապես ոգեշնչող։
Ջիմի Քարթերի կյանքը մարդկությանը ծառայելու վառ օրինակ է։ Թող նրա թողած ժառանգությունը ոգեշնչի ապագա սերունդներին»։