երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
«Քանի՞  տոկոսանոց անարատ ընտրություններ են եղել»․ ՍԴ-ում ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը խուսափեց հստակ պատասխանից

«Քանի՞ տոկոսանոց անարատ ընտրություններ են եղել»․ ՍԴ-ում ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը խուսափեց հստակ պատասխանից

«Արձանագրված ընտրախախտումների դեպքերը դեռ չեն ենթադրում, որ դրանք եղել են։ Եթե չեմ սխալվում, ընտրակաշառքի 150-ից ավելի դեպքեր են արձանագրվել՝ 200-ից ավելի մարդկանց մասնակցությամբ, այդ դեպքերը դեռ պետք է հաստատվեն»,- Սահմանադրական դատարանում այսօր շարունակվող նիստում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Հիշեցնենք՝ ՍԴ-ում այսօր շարունակվում է յոթ կուսակցությունների դիմումի քննարկումը։ Վիճարկվում են 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։ Պահանջները երեքն են՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, նոր ընտրություններ նշանակել կամ մանդատների նոր վերահաշվարկ անցկացնել՝ ԲՀԿ-ին վերադարձնելով իր ստացած մանդատները։

«Հանուն Հանրապետության ժողովրդավարների պաշտպանության» դաշինքի ներկայացուցիչը հարցեր էր տալիս ԿԸՀ ներկայացուցիչներին՝ ընտրակաշառքների դեպքերի և դրանց՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցության մասին։

Նա, մասնավորապես, հարցրեց՝ ՔԿ-ի հաղորդագրություններում ընտրակաշառքի վերաբերյալ փաստեր են հրապարակվել, ԿԸՀ-ն ծանո՞թ է, ինչո՞ւ դիրքորոշում չի հայտնել։

«Ընտրության արդյունքները ամփոփելու համար, ըստ օրենքի, ԿԸՀ-ն քրեական գործերը չպետք է հիմք դիտի»,- պատասխանեց ԿԸՀ ներկայացուցիչը՝ հավելելով, որ ՔԿ-ի նախաձեռնած գործերում տեղամասային հանձնաժողովներից երկու անձ է ներգրավված եղել, նրանք փոխարինվել են այլ անձանցով։

«Ընդունո՞ւմ եք, որ ընտրակաշառքն իր բնույթով ընտրողի ազատ կամարտահայտության վրա ճնշում է, այն նաև ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վրա է ազդում»,- հարցրեց քաղաքական ուժի ներկայացուցիչը։

ԿԸՀ ներկայացուցիչը հայտարարեց. «Դրանք եղել են առանձին դեպքեր։ Եղել է, բայց դա այն տոկոսը չէ, այն չափանիշը չէ, որ ազդի ընտրությունների արդյունքների վրա»։

  • Կիսվել: