Քանի մենք չենք վերականգնել ուժերի հարաբերակցությունը, պատերազմի վտանգը միշտ կա. Րաֆֆի Հովհաննիսյան
Ամեն մեկը կարող է ասել` ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, ժողովրդավարություն, բայց հենց իրենց տարիներին, իրենց ղեկավարության ներքո տարել են մեր երկիրը և մեր ժողովրդին այդ արժեքների, այդ գործառույթների գրեթե կորստյան և համարյա այդ եզրին ենք, որ պիտի կորցնենք այդ գեղեցիկ հնչող բառերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունը և մեր իրավունքների իրացումը, թեկուզ աստիճանական, կարող են տեղի ունենալ միմիայն այս վիճակի, այս դրվածքի, մեր ներքին էության և այս ղեկավարների փոփոխությամբ»,-ասաց նա:
Հարցին՝ այսօր պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այդ էսկալացիա կոչվածի, մեծ կամ փոքր պատերազմի վտանգը միշտ կա, հարևան բռնապետը՝ ելնելով ուժերի ներկա հարաբերակցությունից, պիտի ամեն ինչ անի, որ առանց պատերազմի վերցնի ինչ-որ ուզում է և դա անում է սպառնալիքով, տողատակով, ներքին հրահանգով: Դա վերաբերում է ներքին օրենսդրությանը, միջազգային մեր ներկայությանը Մինսկի խումբ և այլն: Ադրբեջանն ունի, իհարկե, խաղընկեր շահընկեր որը Թուրքիան է, եւ որը ոստիկանական տարբեր մեթոդներով՝ բարի և չար, իրենք բերում են Հայաստան իրենց ղեկավարությունը կարգի: Կարծում եմ, որ այդ վտանգը միշտ կա և քանի մենք չենք վերականգնել թե ներքին, թե արտաքին ճակատի վրա ուժերի հարաբերակցությունը, այդ վտանգը մեզ ուղեկցելու է միշտ»: