չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քանի դեռ հավատարիմ ու վստահ ենք մեր արդարությանը՝ անկախ պետության ճանապարհն անվերջ է․ Վլադիմիր Գասպարյան

Քանի դեռ հավատարիմ ու վստահ ենք մեր արդարությանը՝ անկախ պետության ճանապարհն անվերջ է․ Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կապակցությամբ, որում ասվում է.

«Անկախությունն այն ազգերին է տրվում, որոնք իրենց պատմությամբ, նվաճումներով ու կորուստներով, ինքնիշխան ապրելու համառությամբ վաստակում են այդ գերագույն իրավունքը: 20-րդ դարը, որ երևի ամենաողբերգականն էր հայոց կենսագրության մեջ, մենք ամփոփեցինք անկախության վերանվաճումով և Հայաստան պետության հռչակումով:

Արցախյան ազատամարտով և Հայաստանի Հանրապետության հռչակումով մենք թոթափվեցինք գոյատևելու պարտադրանքից և հավաստեցինք ինքնություն ունենալու մեր կամքը, ինքնիշխան լինելու հավատամքը և ողջ ժողովրդի ու յուրաքանչյուր քաղաքացու համար պատասխանատվություն կրելու պատրաստակամությունը:

 Շուրջ երեսուն տարի գնում ենք այդ ճանապարհով՝ ամեն օր մեզ ու աշխարհին ապացուցելով, որ ընտրությունը ճիշտ էր, որ կարող ու պարտավոր ենք ազգերի մեծ ընտանիքում լինել լիիրավ անդամ և արժանի իրավատեր:

Եվ քանի դեռ հավատարիմ ու վստահ ենք մեր արդարությանը՝ անկախ պետության ճանապարհն անվերջ է: Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի՝ Հայաստանի Հանրապետության ծննդյան օրվա առթիվ:

Թող հարատևի մեր երկիրը՝ հավերժացնելով մեր անցյալն ու ներկան: Թող անսասան հույս, անսահման հավատ և անհատակ սեր տրվի բոլորիս՝ հիմա ու հավետ: Աստված պահապան մեր երկրին, մեր ժողովրդին ու մեր ապագային, որ պայծառ է գալու»։

  • Կիսվել: