հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քանագեղի ուշ բրոնզեդարյան դամբարանի պեղումների ընթացքում արժեքավոր նյութեր են հայտնաբերվել

Քանագեղի ուշ բրոնզեդարյան դամբարանի պեղումների ընթացքում արժեքավոր նյութեր են հայտնաբերվել

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ գյուղի տարածքում գտնվող Քանագեղ հնագույն բնակավայրի տարածքում ընթանում են ուշբրոնզեդարյան դարաշրջանին պատկանող  թիվ 10 դամբարանի հնագիտական պեղումները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ գիտնական-քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը, պեղումներն իրականացվում են ՀՀ Գիտության կոմիտեի կողմից, «Էրեբունի» պատմագիտական արգելոց-թանգարանին հատկացված «Ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի» միջոցների հաշվին։ Հնագիտական արշավախումբը կազմված է այդ ծրագրի եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտաշխատողներից։

Արշավախմբի կազմում են ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Վարդանյանը, հնամարդաբան եւ հնագետ Հասմիկ Սիմոնյանը, ծրագրի գիտաշխատող, հնագետ Լուսինե Ալեքսանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ վերականգնման լաբորատորիայի վարիչ Տիգրան Զաքյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ճարտարապետ Արտակ Հախվերդյանը։ Արշավախմբին աշխատակցում են Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակիչ-բանվորներ։

 

«Այս դամբարանը բաղկացած է երկու դամբանախցից, որոնցում արձանագրում ենք երկու տարբեր ու իրարից բավական հեռու ժամանակահատվածներ։ Ամենավաղ թաղումն այստեղ վերաբերում է Քրիստոսից առաջ 15-14-րդ դարերին, ամենաուշ թաղումը՝ անտիկ դարաշրջանին՝ Քրիստոսից առաջ 3-2-րդ դարերին։ Ժամանակների նման հեռավորությունը չի ենթադրում, թե այս դամբարանը եղել է տոհմական։ Շատ ավելի հավանական է, որ այն պարզապես օգտագործվել է երկրորդ թաղման համար՝ որպես հայտնի դամբանավայր։ Առաջին դամբանախուցը բացել ենք 2021 թվականի հոկտեմբերին, քանի որ գանձախույզները պարզապես տակնուվրա էին արել այն, եւ մեզ մնում էր գոնե ոչնչացումից փրկել մնացած հնագիտական արժեքները։ Ի դեպ, դամբանախցի տակնուվրա անելու փաստն արձանագրել եւ մեզ տեղեկացրել է   ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գոռ Գասպարյանը, ում հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ, որը դեռեւս ընթացքի մեջ է, ասել է, թե հանցագործները դեռեւս չեն հայտնաբերվել։ Մյուս դամբանախուցը, բարեբախտաբար, մնացել էր անվնաս, եւ անհրաժեշտ էր կարճ ժամանակի մեջ այնտեղից դուրս բերել պահպանված արժեքները։ Երկու դամբանախցերի պեղումները մեզ տվել են շուրջ երկու տասնյակ մարդկանց մարմինների մնացորդներ, ովքեր եղել են տարբեր տարիքի ու սեռի, որոնց թվում երկու երեխա կա։ Այս նյութերի ուսումնասիրությունը հնարավորություն կտա խոսել դամբարաններում թաղված հանրության կյանքի տեւողության, հիվանդությունների, հնարավոր վիրահատական միջամտությունների, օգտագործած սննդակարգի, այլ գաղտնիքների մասին։ Հայտնաբերված խեցեղենը վերաբերում է Քրիստոսից առաջ 15-14-րդ դարերին, միայն մեկ անոթ է պատկանում անտիկ դարաշրջանին։ Հայտնաբերվել են մի քանի բրոնզե մատանիներ, 6 բրոնզե ապարանջան, ապակե ուլունքների շարան, բրոնզե կախիկ, սարդիոնե ուլունքներ, ջնարակապատված ուլունքահատիկ։ Դամբանախցերի տարբեր շերտերի պեղումների ընթացքում բացվել են նաեւ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների, թռչունների ոսկորներ, գիշատիչ թռչնի, հավանաբար՝ բազեի, գանգ։ Պեղվել են նաեւ շան, տարբեր կրծողների, կզաքիսի եւ գորշուկի կմախքների մնացորդներ։ Այս ամենը ցույց է տալիս, որ այստեղ Քրիստոսից առաջ 15-14-րդ դարերում ապրող եւ սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող անձի թաղում է պահպանվել, ում հետ զոհաբերվել են նաեւ նրա մերձավորների կամ ծառաների մի մասը, ինչպես նաեւ՝ մատաղացու կենդանիներ»,-ներկայացրեց Աշոտ Փիլիպոսյանը։

Արշավախմբի ղեկավարը խոսեց նաեւ Քանագեղ հնավայրի պատմամշակութային խոշոր նշանակության,  պահպանված վերգետնյա նյութի եւ տարբեր տարիներին իր կողմից իրականացված պեղումների ընթացքում գտնված  արժեքների, այս բացառիկ կարեւոր հուշարձանի պահպանության անհրաժեշտության մասին։

«Քանագեղ հնավայրը տարածվում է այսօրվա Կարմիրգյուղի գոմերի տարածքի վրա։ Այն եղել է խոշոր բնակավայր, որը, ինչպես ցույց են տվել պահպանված վերգետնյա նյութը եւ պեղումների արդյունքում ձեռք բերված նյութերը, գործել է Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակից, վաղ բրոնզեդարից, անտիկ դարաշրջանից եւ հասել մինչեւ ուշ միջնադար։ Այստեղ պահպանված 30 նման դամբարաններից պեղվել է ինը, մնացած 21 դամբարանները,որոնց մի մասը տարբեր ժամանակներում թալանվել են, կարիք ունեն ուսումնասիրման, որի համար մեծ ծախսեր են պահանջվում։ Քանագեղը չափազանց կարեւոր հնավայր է, որտեղ ամփոփված են մեր մշակույթի ու պատմության համար բացառիկ ու կարեւոր  հնագիտական  արժեքներ։ Բավական է ասել, որ 2002  թվականին մեր կողմից բացված դամբարաններից մեկում գտել ենք Միտաննի թագավորության կնիք, մեծ քանակության խեցեղեն եւ բրոնզե զարդեր, որոնք կրում էին կիրառական արվեստի հետաքրքիր նմուշներ։ Այս հուշարձանը պետք է պահպանել ամեն գնով, պահպանել սրբորեն, այն գիտակցությամբ, որ նրան է պահ տրված մեր հայրենիքի եւ ժողովրդի պատմության հազարամյակների ժամանակահատվածի գաղտիքներն ու արժեքները։ Քանագեղը դեռ երկար տարիներ իր խոսքը կասի՝ նոր ուղղումներ ու բացահայտումներ մտցնելով հնագիտության ու հայագիտության էջերում»,-եզրափակեց Աշոտ Փիլիպոսյանը։

  • Կիսվել: