Քաղաքապետն իրավունք ունի կիրառել այն սանկցիան, որն ուղղված է կարգազանց վարքագիծը չեզոքացնելուն. Սուրեն Գրիգորյան
«Երևանի քաղաքապետն իրավունք ունի կիրառել այն սանկցիան, որն ուղղված է կարգազանց վարքագիծը չեզոքացնելուն կամ կանխելուն»։ Այսպես Սուրեն Գրիգորյանն արձագանքեց ավագանու ընդդիմադիր անդամի հարցին այն մասին, թե որքանո՞վ էր իրավաչափ Տիգրան Ավինյանի կողմից կարմիրբերետավորներին նիստերի դահլիճ հրավիրելն ու Սամվել Հակոբյանին նիստից հեռացնելը։
«Երբ ավագանու անդամը խոսափողն անջատած գոռում և անպարկեշտ արտահայտություններ է թույլ տալիս, ակնհայտ է, որ այդտեղ խոսափողն անջատելը կամ խոսքի իրավունքից զրկելը չեն ծառայի իր նպատակին։ Չկա նման տրամաբանություն՝ սանկցիաները հաջորդաբար կիրառելու»,-ասաց Սուրեն Գրիգորյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավագանու արտահերթ նիստը լարված մթնոլորտում է անցնում, կարմիրբերետավորները փորձում էին բերման ենթարկել ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանին։
«Խուլիգանությունը այս դահլիճում չի ընդունվելու: Ձեր քուչի մակարդակի բազարները այս դահլիճից դուրս կտանեք: Ով ունի սառույցի կարիք, դուրս եկեք, մի հատ սառույց դրեք գլխներիդ, հանգստացեք: Եթե կուզենաք, կվերադառնաք դահլիճ, չեք ուզենա, դուք դուրսը մնացեք: Տոները իջեցրեք:
Ոստիկանությանը խնդրում եմ մտնել եւ հանել դուրս: Դուրս եկեք, դուրսը շարունակեք: Պարոն Հակոբյանին դուրս եմ հրավիրում նիստերի դահլիճից, նա չի կարող այսօր մասնակցել նիստին այլեւս»,–նիստի ժամանակ ծագած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ ասել էր Ավինյանը։