շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր ՊուտինըՀայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջնորդին և ժողովրդին։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պուտինը շնորհավորել է նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ադրբեջանի առաջնորդներին և քաղաքացիներին, ինչպես նաև Վրաստանի ու Ուկրաինայի ժողովուրդներին:
 
Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ մեր երկրներում սրբորեն հարգում են հերոսների հիշատակը, որոնք ռազմաճակատում իրենց խիզախությամբ և թիկունքում անձնուրաց աշխատանքով օգնել են նացիզմի նկատմամբ հաղթանակ տանել, որն այսօր դարձել է բոլորի ընդհանուր մեծագույն ձեռքբերումը:
 
«Ներկա սերունդների սրբազան պարտքն է հավերժ պահպանել նրանց հիշատակը, ովքեր անհամար զոհերի և զրկանքների գնով պաշտպանել են հայրենի հողի ազատությունը, շրջապատել մեր թանկագին վետերանների ուշադրությամբ և հոգատարությամբ», – նշել է Վլադիմիր Պուտինը:
 
Նա հիշեցրել է Հայրենական մեծ պատերազմի արդյունքները վերաշարադրելու, նացիստների և նրանց հանցակիցների կողմից գործած անմարդկային ոճրագործությունները չեզոքացնելու ու մոռացության մատնելու ցանկացած փորձին վճռականորեն դիմակայելու անհրաժեշտությունը:
Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ հայրերի և պապերի սխրանքի մասին ընդհանուր հիշողությունը կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության կառուցողական զարգացմանը, ինչպես նաեւ գործընկերային փոխգործակցությանը ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու գործում, այդ թվում՝ այնպիսի, ինչպիսին կորոնավիրուսի համավարակն է:
ՌԴ նախագահը իր երախտագիությունն է հայտնել Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին, պարտիզաններին և թիկունքի աշխատավորներին և մաղթել երջանկություն, բարեկեցություն, քաջ առողջության և երկար տարիների կյանք:

  • Կիսվել: