ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պուտինի հետ հանդիպումն անհրաժեշտ է «զգայուն հարցերի» լուծման համար. Զելենսկի

Պուտինի հետ հանդիպումն անհրաժեշտ է «զգայուն հարցերի» լուծման համար. Զելենսկի

Ռուսաստանի հետ առաջնորդների մակարդակով հանդիպումն անհրաժեշտ է «զգայուն հարցերը» լուծելու համար, իր տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

«Քննարկել ենք անվտանգության երաշխիքները։ Սա կարևորագույն հարց է՝ որպես պատերազմի ավարտի սկիզբ: Գնահատում ենք ԱՄՆ-ի կարևոր ազդանշանը՝ աջակցելու և դրա մի մասը լինելու պատրաստակամության մասին։ Այսօր մեծ ուշադրություն է դարձվել երեխաների վերադարձին, ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակմանը, որոնց պահում է Ռուսաստանը։ Պայմանավորվել ենք աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել է Զելենսկին։

Վոլոդիմիր Զելենսկին «մեծ քայլ առաջ» է անվանել Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստ է մասնակցել պատերազմից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելուն:

Նա հավելել է, որ պատրաստ է Պուտինի հետ անձնական հանդիպման և չի պնդի հրադադարը՝ որպես խաղաղության շուրջ բանակցություններ վարելու պայման: Ինչ վերաբերում է «տարածքների հարցին», ապա, ինչպես Զելենսկին հայտարարել է Վաշինգտոնում, նման զգայուն հարցերը նա կքննարկի Պուտինի և Թրամփի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավարտվել են Թրամփի և Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը։ 

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում ասել էր, որ ներկա է եղել Դոնալդ Թրամփի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված հեռախոսազանգին, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ ԱՄՆ առաջնորդի հանդիպման ժամանակ։
 
Նա ընդգծել էր, որ և՛ Ռուսաստանը, և՛  Ուկրաինան ստիպված կլինեն տարածքային զիջումների գնալ՝ խաղաղ համաձայնության հասնելու համար։

  • Կիսվել: