շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փոստային առաքման և համացանցի միջոցով թմրամիջոցների տարածման դեպքերը լայն տարածում ունեն. ոստիկանապետի տեղակալ

Փոստային առաքման և համացանցի միջոցով թմրամիջոցների տարածման դեպքերը լայն տարածում ունեն. ոստիկանապետի տեղակալ

2020-ին Հայաստանում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1226 դեպք՝ 2019-ի 1088-ի դիմաց: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: 

«Ցուցանիշը դրական է նրանով, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը լատենտային հանցագործություն է, և այս թվերը մեր արդյունավետության մասին են խոսում, բացասական է, քանի որ հանցագործության թվի աճը միշտ վատ երևույթ է»,- նշեց նա:  

Ֆիդանյանն ասաց, որ լայն տարածում ունեն ինչպես փոստային առաքման, այնպես էլ համացանցի միջոցով ապօրինի թմրամիջոցների տարածման դեպքերը: «Բոլոր միջոցները պետք է ձեռնարկենք՝ կանխելու թմրամիջոցների ներթափանցումը Հայաստան»,- ընդգծեց փոխոստիկանապետը՝ վստահեցնելով, որ ոստիկանությանը հայտնի են բոլոր ուղիները, որոնցով հատկապես քիմիական և արհեստական թմրամիջոցները տեղափոխվում են մեր երկիր:    

Ոստիկանապետի տեղակալը նշեց, որ մեծ աշխատանք են կատարում նաև Հայաստանում աճեցվող բնական բուսական թմրամիջոցների շրջանառությունը կանխելու ուղղությամբ: 

Նշենք՝ հանձնաժողովի նիստում քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ Արա Ֆիդանյանի ներկայացրած՝ «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը: 

  • Կիսվել: