ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Իրանի խորհրդարանի խոսնակը վստահ է՝ ԱՄՆ-ն կվճարի իրանցի խաղաղ բնակիչների մահվան համար

Իրանի խորհրդարանի խոսնակը վստահ է՝ ԱՄՆ-ն կվճարի իրանցի խաղաղ բնակիչների մահվան համար

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է՝ Վաշինգտոնն ամեն օր հանցագործություններ է կատարում Իրանի խաղաղ բնակիչների նկատմամբ և ստիպված կլինի վճարել դրա համար: «Միացյալ Նահանգներն ամեն օր նոր հանցագործություններ է կատարում. ահաբեկչական հարձակումը Ղեշմ կղզու խաղաղ բնակիչների բնակելի տների վրա Մինաբում և Լամերդում իրականացված վայրագությունների շարունակությունն է», -  գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում։

Նրա խոսքով, ԱՄՆ-ն «սովոր է փոխհատուցել մարտադաշտում ստացած հարվածները՝ թափելով անմեղների արյունը»։

«Նրանք կվճարեն դրա համար», - հավելել է Ղալիբաֆը։

Ըստ իրանական պետական ​​լրատվամիջոցների հաղորդագրությունների, հուլիսի 31-ի գիշերն ամերիկյան հարվածներին ենթարկվել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադան և Ղազերուն քաղաքները, Պարսից ծոցի ափին ընկած Բուշերը, ինչպես նաև Բանդար Աբբաս նավահանգիստն ու Աբու Մուսա, Քիշ և Ղեշմ կղզիները՝ Հորմուզի նեղուցում։

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Ղեշմ քաղաքում հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ։

Առնվազն 170 մարդ է զոհվել հակամարտության առաջին օրը՝ փետրվարի 28-ին Իրանի Մինաբ հարավային քաղաքի տարրական դպրոցի վրա ամերիկա-իսրայելական ավիահարվածի հետևանքով։

Այդ նույն օրը հարված է հասցվել նաև Իրանի Լամերդ հարավարևմտյան քաղաքի մարզասրահին, որի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ։

 

  • Կիսվել: