Փորձը շատ կարևոր է, բայց կան գիտելիքներ, որոնք ավելի շատ հասանելի են երիտասարդ սերնդին. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է երիտասարդների մուտքը քաղաքականություն, խորհրդարան:
Վարչապետը նման տեսակետ հայտնեց Երևանում անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ժամանակ ունեցած ելույթում:
«Երիտասարդների մուտքը քաղաքականություն ու ակտիվությունը, իհարկե, շատ կարևոր և հասկանալի է, բայց, ճիշտն ասած, ես որոշակի հայեցակարգային հարց ունեմ «երիտասարդ պատգամավոր» արտահայտության վերաբերյալ: Իմ ընկալմամբ՝ պատգամավորը պատգամավոր է: Երիտասարդ, միջին տարիքի, թե տարեց, նա ունի մեկ մանդատ, նույնքան լիազորություն»,-ասաց վարչապետը:
Նա կարևորեց քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ եթե որևէ մեկը մուտք է գործել խորհրդարան, ուրեմն փոխաբերական իմաստով դադարել է լինել երիտասարդ, ինչը խոսում է քաղաքական հասունության որոշակի մակարդակի մասին: Վարչապետը շատ կարևորեց փորձն ամեն ինչում, հատկապես՝ քաղաքականության մեջ:
«Բայց նաև կան գիտելիքներ և իմացություններ, որոնք ավելի շատ հասանելի են երիտասարդ, քան ավագ սերնդին: Բայց հին ասացվածքը այդպես էլ չի կորցրել և չի կորցնի իր արդիականությունը՝ «եթե երիտասարդությունն իմանար, եթե ծերությունը կարողանար»»,-ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ նաև կարողության և իմացության միաձուլման բանաձևերը պետք է քննարկվեն համաժողովում: