հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փոփոխություններ և լրացում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում

Փոփոխություններ և լրացում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում

Խորհրդարանը մարտի 23-ին առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրների կանոնակարգմամբ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխատանքային օրերի հաշվարկը և ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ:

Հարակից զեկուցող՝ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ փորձ է արվել նախագծի լեզուն և տերմինաբանությունը համաձայնեցնել միջազգային փաստաթղթերի հետ: Մասնավորապես՝ գործող իրավանորմերին համապատասխան հստակեցվել է «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթը: Նշվել է, որ նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին, իսկ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում՝ լրամշակել ներկայացված առաջարկություններով:

  • Կիսվել: