շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Փոխվարչապետը պիտի իջնի ու պատասխանի մեր հարցերին, պահանջագիր ենք հանձնելու. արցախցի

Փոխվարչապետը պիտի իջնի ու պատասխանի մեր հարցերին, պահանջագիր ենք հանձնելու. արցախցի

Ակնկալում ենք, որ փոխվարչապետն իջնի ներքև և պատասխանի արցախցիներին հուզող հարցերին։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 14–ին, կառավարության շենքի մոտ հայտարարեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներից մեկը։

Նա հայտնեց, որ պահանջագրի 12 կետերից 11-ը չեն իրականացվել, բանակցությունները փակուղում են։

Այնուհետեւ երիտասարդը հրապարակեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի շտապ պահանջագիրն՝ ուղղված ՀՀ կառավարությանը։

«Հիմք ընդունելով 2025թ․ մարտի  29-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից համապարփակ պահանջագիրը, հաշվի առնելով այս ընթացքում ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված խիստ սահմանափակ պատրաստակամությունը՝ ներառական կերպով քննարկելու և լուծում տալու պահանջագրում ներառված հարցերին, բավարարված չլինելով բնակարանային ծրագրում խոստացված մասնակի բարելավումներով, մտահոգված լինելով կառավարության վերջին որոշումների հետևանքով՝ բռնի տեղահանված արցախցիների չքավորությամբ և արտագաղթի ծավալներով՝ Խորհուրդը պահանջում է կառավարությունից՝ հետևյալ հրատապ և անմիջական միջոցները՝ անվերապահ կերպով ապահովել բնակվարձի աջակցության ծրագիրը՝ բոլոր տեղահանված արցախցիների համար, որոնք չունեն բնակարան՝ Հայաստանում՝ մինչև տվյալ ընտանիքի կարիքի պատշաճ բավարարում»,- նշեց երիտասարդը՝ ներկայացնելով պահանջագրի մյուս կետերը։

Նշենք, որ երեկ հանրահավաքից հետո «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» որոշել էր Ազատության հրապարակից տեղափոխվել կառավարության շենքի դիմաց։

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ի հանրահավաքում ելույթ ունեցողներն անդրադարձան արցախցիների սոցիալական հարցերին, մասնավորապես բնակապահովման ծրագրին, Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաև Արցախում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանմանը։

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։

Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։

  • Կիսվել: