ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պլանավորում ենք Պետական պահպանության ծառայությունը դարձնել վարչապետին ենթակա մարմին. Փաշինյան

Պլանավորում ենք Պետական պահպանության ծառայությունը դարձնել վարչապետին ենթակա մարմին. Փաշինյան

Կառավարությունը պլանավորում է էական բարեփոխումներ իրականացնել Ազգային անվտանգության ծառայության համակարգում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրեց ռազմավարական տեսլականը, ըստ որի Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լինի հակահետախուզական մարմին, սահմանապահ զորքերը կշարունակեն մնալ Ազգային անվտանգության ծառայության կազմում:

«ԱԱԾ-ի պատասխանատվությունը կլինի նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը, սահմանադրական կարգի պաշտպանությունը: Մի շարք այլ ոլորտներ, որոնք այսօր վերապահված են Ազգային անվտանգության ծառայությանը, ժամանակի ընթացքում կփոխվեն և կվերափոխվեն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը համոզված է, որ այդ փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունը էականորեն ուժեղանալու է:

«Գիտեք, որ մի շարք հանգամանքների բերումով այսօր Ազգային անվտանգության ծառայությանը վերապահված են լիազորություններ, որոնք մեծ հաշվով մեր ռազմավարական պատկերացումների համաձայն չպետք է վերապահված լինեն: Մասնավորապես` հետախուզությունը: Մենք պլանավորում ենք արտաքին հետախուզության առանձին ծառայություն ներդնել: Նաև պլանավորում ենք Պետական պահպանության ծառայությունը դուրս բերել Ազգային անվտանգության ծառայությանը ենթակա մարմնի կարգավիճակից և դարձնել վարչապետին ենթակա մարմին»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: