ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետությունը պարտադրված է գնալ մինչ այժմ չկիրառված կամ ոչ այնքան կիրառված քայլերի․ Նախագահ

Պետությունը պարտադրված է գնալ մինչ այժմ չկիրառված կամ ոչ այնքան կիրառված քայլերի․ Նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշյալ օրենքները, մասնավորապես, նպատակաուղղված են մեր երկրում հեռավար (դիստանցիոն) կրթության համակարգի ներդրմանը:

Դեռևս մի քանի օր առաջ հղած իր ուղերձում Հանրապետության նախագահը կարևորել էր ստեղծված իրավիճակում ավելի կազմակերպված, պատասխանատու և կարգապահ լինելը՝ որպես պետություն, որպես հասարակություն, որպես անհատ, որպես որոշում կայացնող և որոշում կատարող:

Նոր կորոնավիորւսի տարածմամբ և մեր երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ պայմանավորված՝ պետությունը պարտադրված է գնալ մինչ այժմ չկիրառված կամ ոչ այնքան կիրառված քայլերի: Այդ շրջանակում է նաև անցումը հեռավար կրթության:

Նախագահ Սարգսյանը ողջունում է այս օրենքների ընդունումը և կարևորում հեռավար կրթության մոդելի ներդրումը:

Հեռավար ուսուցումը, որը հիմնված է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառման վրա, ներկայումս կարող է որոշակիորեն լուծել կրթական գործընթացում հայտարարված երկարատև դադարի խնդիրը, ինչպես նաև նպաստել կրթության հասանելիությանը: Ժամանակակից տեխնոլոգիաների և թվային լուծումների կիրառմամբ իրականացվող ուսուցումը կարևոր քայլ է կրթական համակարգն առավել արդյունավետ ու ճկուն դարձնելու ուղղությամբ և մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մեր կյանքի թվայնացումն այլընտրանք չունի:

Սա նաև նոր հնարավորություն է՝ ավելի լուրջ և հիմնավոր ուշադրություն դարձնել նոր տեխնոլոգիաների զարգացմանը դպրոցում, բուհում, աշխատավայրում և ընդհանրապես կյանքում: 

  • Կիսվել: