Պետությունը հզոր է այնքանով, որքանով զարգացած է նրա տնտեսությունը. Փաշինյան
Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու՛ ես: Այս մասին այսօր տեսաուղերձւմա սաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ անհատական ջանքը պետության զարգացման առանցքային պայման է:
՛՛Այդ պայմանը սկսում է արդյունավետ գործել միայն այն պահից, երբ անհատը գիտակցում է սեփական ջանքի ազդեցությունը: Պետության կարևորագույն գործառույթն է անհատի ջանքի արժևորումը և դրա դրսևորման հնարավորությունների ստեղծումը:
Սա հնարավոր է կրթության միջոցով. կրթությունը պետության զարգացման ռազմավարության իրագործման առաջնային գործիքն է՝ այն ընկալմամբ, որ կրթությունը ցկյանս գործընթաց է և վերաբերվում է նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության, բուհական, հետբուհական կրթության մակարդակին, ինչպես նաև պետության ռազմավարական հաղորդակցությանը, այն իմաստով, որ քաղաքացի-պետություն հարաբերությունները կրթական հարաբերություններ են թե՛ քաղաքացու, թե՛ պետության համար: Կրթության համակարգն ուսումնառուին պետք է ուսուցանի բարեկեցիկ կյանքի, երջանկության համար անհրաժեշտ հմտություններ:
Անհատի դերը պետության զարգացման գործում առանցքային է, բայց նախևառաջ առանցքային է սեփական բարեկեցության և երջանկության ապահովման մեջ: Սեփական բարեկեցությունն ու երջանկությունը կառուցելն անհատի առաջնային ներդրումն է պետության բարեկեցության և երջանկության ապահովման գործում՛՛,-նշեց Փաշինյանը:
Ըստ նրա՝ անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է, ստեղծագործ է, ունի սոցիալական միջավայր, սիրված աշխատանք, որի վաստակով ունի հասանելիություն առողջ սննդին, առողջ ապրելակերպին, անհրաժեշտ կենցաղային պայմանների, պարբերաբար ճամփորդում է, սիրված է, հարգված է, հաղորդակից է հոգևոր կյանքին և/կամ մշակույթին:
՛՛Սեփական երջանկության համար պայմաններ ապահովելով անհատը միջավայր է ստեղծում նաև ուրիշ անհատների և հանրության երջանկության համար՛՛,-ընդգծեց Փաշինյանը:
Վարչպետը հավելեց. ՛՛Ինչպես անհատն իր հաջողությամբ միջավայր է դառնում հոգատար հանրության ձևավորման համար, այնպես էլ հանրությունը դառնում է այն միջավայրը, որտեղ կայանում է անհատի զարգացումը:
Կրթությունը, մշակութային կյանքը, աշխատանքը, գործարարությունը, հոգատարությունը շրջակա միջավայրի նկատմամբ, առողջ սննդակարգը և ակտիվ ապրելակերպը, օրենքի նկատմամբ հարգանքը, բազմակարծությունը, ժողովրդավարությունը և դրա շուրջ հանրային միասնությունը մեծապես միջավայրային գործոններ են կամ առավել արդյունավետ դրսևորվում են համապատասխան միջավայրում:
Ակտիվ գործարարության, մանկամսուրից մինչև ցկյանս կրթության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, արդարության, օրենքի առաջ բոլորի հավասարության, ազատության պահապանը նաև հանրությունն է՝ որպես այդ արժեքների վրա կառուցված միջավայր:
Պետությունը հզոր է այնքանով, որքանով զարգացած է նրա տնտեսությունը: Հետևաբար, քաղաքականությունները պետք է միտված լինեն երկրի տնտեսական հզորացմանը: Պետական շահը տնտեսական զարգացումն է: Սա քաղաքականությունների ապաարժեքայնացման միտում չէ, որովհետև հանրային տրամադրությունը համարվում է տնտեսության զարգացման կարևորագույն գործոն:
Արժեքները և նրանց նկատմամբ նվիրվածությունը, մշակույթը և կրթությունն անհատի և հանրության աշխատանքի, տնտեսական գործունեության մոտիվացման առանցքային գործոն են: Արժեքահեն քաղաքականությունները պետք է միտված լինեն երկրի տնտեսության զարգացմանը՛՛:
Վարչապետի խոսքով՝ վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է:
՛՛Վերափոխումը կենսունակության առանցքային պայման է: Ինչպես անհատը, այնպես էլ հանրությունն ու պետությունը պետք է ռեֆլեքսիայի հմտությունը խորացնեն մինչև գենետիկ մակարդակ:
Ճշմարտությունը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, այլևս ճշմարտություն չէ, նպատակը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, ինքնանպատակ է, համոզմունքը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, նախկինից մնացած տպավորություն է, իդեալը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, թերի է: Հարափոփոխ կյանքում կենսունակ լինելու միակ բանաձևը ռեֆլեքսիան, ինքնահայեցումը, փոխվելու և վերափոխվելու ընդունակությունն է՛՛,-ասաց նա: