շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Պետությունը չի կարող լինել այլ բան, քան սեփական քաղաքացիների արդարությունը, երջանկությունը ապահովող գործիք. Փաշինյան

Պետությունը չի կարող լինել այլ բան, քան սեփական քաղաքացիների արդարությունը, երջանկությունը ապահովող գործիք. Փաշինյան

Երբ 2018 թվականին ստանձնել ենք ՀՀ կառավարումը, մենք շարունակել ենք կղերաֆեոդալական ավանդույթները: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա իշխանական թիմի «ամենամեծ ամոթն է» կամ գուցե «ամենամեծ պրոբլեմը»:

«Ի՞նչ է մեզ հետ տեղի ունեցել, որ այսօր մեզ ասում են՝ այ, դուք այսպիսի բան էիք ասում 2018-ին, 2019-ին, հիմա ոնց որ դա չեք ասում: Ինչո՞ւ, որովհետև մենք ինքներս մեր մեջ հաղթահարում ենք կղերաֆեոդալական մտածողությունը, և կղերաֆեոդալական համակարգը բունտ է անում դրա մեջ: Ո՞նց, ասում է, դուք ի՞նչ իրավունք ունեք մտածել, մենք ենք ստեղծել մտածողության կաղապարները դարեր ի վեր, և դուք պարտավոր եք մտածել այդ կաղապարի շրջանակում: Եթե դուք այդ կաղապարի շրջանակից դուրս մտածում եք, ուրեմն դուք դավաճան եք և այլն:

Բայց երբ մենք վերադառնում ենք լավ ապրելու հայեցակարգին և ըմբռնում ենք, որ պետությունը չի կարող լինել այլ բան, քան սեփական քաղաքացիների արդարությունը, երջանկությունը, կենսուրախությունն ապահովող գործիք, լավ ապրել ապահովող գործիք, մենք պետք է վերադառնանք այս հարցին՝ ի՞նչ է պետք դրա համար քաղաքական մակարդակում: Դրա համար հարկավոր է արդյունավետ պետություն»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ «ի՞նչ է նշանակում արդունավետ պետություն» հարցի պատասխանը, եթե ոչ ամեն տարվա բյուջեի հետ, ապա ամեն միջնաժամկետ ծախսերի ծրագրի հետ պետք է ձևակերպվի, քանի որ կարծում է՝ այն, ինչ դասագրքում գրված է, կարող է այսօր չաշխատել:

«Արդյունավետ պետությունը փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին ու նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու ընդունակ պետությունն է: Եվ սա միակ բանաձևն է, որը կապահովի պետության հարատևությունը և պետության կենսունակությունը: Հենց սա է տեղի ունենում մեզ հետ»,- ասաց նա:

  • Կիսվել: