կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Պետության տեսանկյունից պարտք վերցնելը դառնում է ավելի էժան. ԿԲ նախագահ

Պետության տեսանկյունից պարտք վերցնելը դառնում է ավելի էժան. ԿԲ նախագահ

Ֆիսկալ կանոնի տեսանկյունից կան բացառիկ դեպքեր, երբ դու կարող ես որոշակիորեն ճեղքել պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության առավելագույն շեմը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նա նշեց, որ այսօր Հայաստանում այդ ցուցանիշը 50 տոկոսից ցածր է. «Եթե կառավարության մեր գործընկերները որոշեն, որ պետք է ավելացնեն կամ իրականացնեն ծախսերը թերհավաքած եկամուտների հարաբերակցության հետ կապված, իրենք կարող են դա իրականացնել որոշակի պարտք ներգրավելով, որը 50 տոկոսից ավել կլինի, բայց չեմ կարծում, որ 60 տոկոսի խնդիր ունենք այս պահի դրությամբ: Ֆիսկալ կանոնը նաեւ ասում է, որ եթե դու ավելացնում ես պարտքը կրիտիկական շեմից ավելի, մյուս տարի քո ընթացիկ ծախսերը որոշակի կանոնով պետք է իրականացնես: Մի խոսքով, կան խնդիրներ, բայց չեմ կարծում, որ խնդիրն այնքան սուր է, որ մենք մոտեցել ենք 60 տոկոսի շեմին»:

ԿԲ նախագահն ասաց, որ դրամային պարտքի էական մեծացում է տեղի ունեցել Հայաստանում. «Այսինքն՝ պրոպորցիաները՝ արտարժույթ-դրամ, էապես փոխվել են: Առաջին անգամ դրամով պարտքը գերազանցել է արտարժութային պարտքին»:

Նա նաեւ հավելեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման ազդեցություններից մեկը պետական պարտքի էժանացումն է:

«Մենք 10,75 տոկոսից իջել ենք, 7,75, 3 տոկոսի չափով իջեցրել ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Վերջին թվերով պետական պարտքի կարճաժամկետ հատվածում 2 տոկոսի նվազում ունենք: Այսինքն՝ պետության տեսանկյունից պարտք վերցնելը դառնում է ավելի էժան, ինչը մեր գործընկերների համար երեւի թե դրական նորություն է»,-նշեց Գալստյանը:

  • Կիսվել: