երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պետք է ընդհանրապես բացառել որևէ կոռուպցիոն դրսևորում պարեկային ոստիկանությունում. վարչապետ

Պետք է ընդհանրապես բացառել որևէ կոռուպցիոն դրսևորում պարեկային ոստիկանությունում. վարչապետ

Մենք և՛ 2019, և՛ 2020, և՛ 2021 թվականների համեմատ ունենք ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի և վիրավորների նվազում, այս մասին այսօրվա Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ միջոցներ են ձեռնարկվել այս ամենի համար. առաջինն իհարկե խոսքը պարեկային ոստիկանության ներդրման մասին է և մենք տեսնում ենք, որ այս նվազումների վիճակագրության մեջ ամենամեծ տեղն ունի Երևանը, առաջինը հենց Երևանում է գործարկվել պարեկային ոստիկանությունը, հետո Շիրակի մարզում, Լոռու մարզում, նախորդ շաբաթ ծառայությունը սկսեց գործել նաև Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ նախորդ Կառավարության նիստերում ճանապարհների կառուցման, նորոգման, հիմնանորոգման վիճակագրություն ներկայացնելիս խոսել են նաև սև կետերի վերացման մասին. «Սև կետերը հետևյալն են՝ մենք վերլուծում ենք, թե ճանապարհի որ հատվածներում են, որ կրկնվում են վթարները և այդ հատվածներում տրամաբանությունը փոխում ենք, այսինքն, ճանապարհի կորությունը, շրջադարձերի անկյունները, կամ նույնիսկ դեպքեր կան, որ մաքսիմալ ուղղում ենք ճանապարհները: Հաջորդը ճանապարհային երթևեկության կանոնների ստանդարտների ներմուծումն է: Իհարկե, անընդհատ ենք մենք խոսում այդ թեմայով, մենք խնդիրներ ունենք առաջինը ճանապարհների սպասարկման որակի հետ կապված՝ նշաններ, գծանշումների հետ կապված մենք լուրջ խնդիրներ ունենք, ընդ որում նույնիսկ նոր շահագործման ենթարկված ճանապարհները գծանշումն անում են, բայց 6 ամիս հետո տեսնում ենք, որ այդ գծանշումը ջնջված է, սա պետք է բացառել»:

Կրկին անդրադառնալով պարեկային ոստիկանությանը՝ վարչապետն ասաց. «Շատ կարևոր է, որ մենք պարեկային ոստիկանության նկատմամբ էլ շատ ուշադիր լինենք, որպեսզի ստանդարտի բարձրացում ունենանք, ոչ թե նվազում: Պետք է ընդհանրապես բացառել որևէ կոռուպցիոն դրսևորում պարեկային ոստիկանությունում»:

  • Կիսվել: