Պետք է փորձենք միջազգային գործընկերների առջև մեր պարտավորությունների առումով «խայտառակ» չլինել, մյուս կողմից այնպես անել, որ կարգավորումներն իրենց նպատակին ծառայեն․ Թունյան
«Կոռուպցիայի դեմ պայքարը մեր քաղաքական թիմի առաջնահերթություններից է և, կարծում եմ, այս ընթացքում դա բազմիցս ապացուցվել է, թե ինչքան հետևողական ու վճռական ենք այդ հարցում։ Բայց շատ կարևոր է, որ մենք երբեմն ծայրահեղությունների մեջ չընկնենք» ,- ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը նման դիտարկում արեց առաջին ընթերցմամբ քննարկվող Հանրային ծառայության մասին և դրան հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարեու Արդարադատության նախարարության առաջարկի վերաբերյալ։ Առաջարկի էությունը ՀՀ միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի մտահոգությունն է պաշտոնանատար անձանց կողմից նվեր ստանալու կարգի վերաբերյալ։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում մատնանշվում է պաշտոնատար անձանց կողմից ստացվող նվերների վերաբերյալ համընդհանուր պատասխանատվության բացակայության, շահերի բախման խնդիրը։ Այսպիսով՝ առաջարկվում է սահմանել նվերներ ստանալու որոշակի սահմանափակումներ, ոչ միայն պաշտոնանատար անձանց, այլ նաև նրանց ընտանիքի անդամների և փոխկապացված անձանց համար։ Նախատեսվում է նաև, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է վարի ռեեստր՝ հաշվառելով պաշտոնատար անձանց կողմից ստացվող նվերները։
«Եթե մենք փորձում ենք խնդիրը լուծել օրենքը բարելավելու միջոցով, բայց շատ ենք ծայրահեղացնում, ստացվում է, որ ոչ օրենքն է պրակտիկ կիրառվելու, ոչ խնդիրներն են լուծվելու։ Ինքս այս օրենքի հետ կապված բազում հարցեր ունեի, ի սկզբանե նախատեսված, բայց չկայացած պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այդ հարցերը չկարողացա հնչեցնել։ Առաջարկվող ձևակերպումները, որ միգուցե միջազգային կառույցների համար ընդունելի են կամ դրույթներ կան, որոնք կարող են այլ երկրների դեպքում աշխատել, մեր դեպքում կարող է դրանք ընդհանրապես էֆեկտիվ չլինեն ու շատ ավելի արժեզրկեն այդ օրենքը, քան նպաստեն ռեալ խնդիրների լուծմանը»,- նշեց պատգամավորը։
«Պետք է փորձենք թե՛ միջազգային գործընկերների առջև մեր պարտավորությունների առումով «խայտառակ» չլինել, բայց մյուս կողմից այնպես անել, որ կարգավորումներն իրենց նպատակին ծառայեն»,- ընդգծեց Թունյանը։



