երկուշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2024
Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ. Փաշինյան

Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է Ապագայի գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև աշխարհի մի քանի տասնյակ պետությունների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է.

«Գլխավոր վեհաժողովի նախագահ,
Գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար առանձնահատուկ է հանդես գալ «Ապագայի գագաթնաժողում», որովհետև Հայաստանի Հանրապետության վարչապետի իմ ընթացիկ մանդատը ստացել եմ խորհրդարանական ընտրություններում մեր կուսակցության կողմից որդեգրված «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսի ներքո: Բոլոր այն պրոբլեմները, որ այսօր մենք ունենք, ուղիղ կամ անուղղակի ձևով կապված են անցյալում մի ինչ-որ պահի կայացված և կամ չկայացված որոշումների հետ, նույնը կարելի է ասել այսօրվա բոլոր հաջողությունների և ձեռքբերումների մասին:

Անցյալում արդեն ոչ մի բան չենք կարող փոխել, այսօրվա մեջ արդեն շատ բան չենք կարող փոխել, որովհետև այսօրն արդեն ինչ-որ չափով անցյալ է: Բայց ապագան նախագծելն այսօրվա ամենակարևոր գործն է: Անելիքների օրակարգը նույնպես հայտնի է. խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն, ազատություն, արդարություն, մարդու իրավունքներ, արհեստական ինտելեկտ, կլիմա: Բայց կարևոր է այն հայեցակարգը, որ պիտի դնենք ապագայի մեր պատկերացումների հիմքում:

Եվ հետևաբար, ինչպե՞ս կառուցել ապագան: Ասածս տարօրինակ կհնչի, բայց կարևորագույն բանը, որ կարող ենք անել ապագայի համար, պոզիտիվ խոսույթներ ձևավորելն է¸ և դրանց հիմքերի ստեղծման հնարավորությունների վրա կենտրոնանալը, անկախ նրանից այս պահին դրանք կա՞ն, թե` ոչ:

Այսօրվա գլոբալ ճգնաժամի պատճառներից մեկն այն է, որ միջազգային հարթակները վաղուց դարձել են փոխադարձ մեղադրանքների, սպառնալիքների, փակուղիների, ճգնաժամերի ազդարարման հարթակ: Դժվար եմ հիշում միջազգային հարթակներում պոզիտիվ խոսույթ իմ կամ այլ լիդերների անունից: Եվ սրա համար օբյեկտիվ պատճառներ կան. պոզիտիվ խոսույթի նյութը քիչ է: Իսկ գուցե դա նրանից է, որ նախկին մի շրջանում պոզիտիվ խոսույթը քիչ է եղել կամ բացակայել է: Մենք սովորաբար գալիս ենք ՄԱԿ ազդարարելու, թե ինչքան վատ է լինելու, որովհետև դրա մասին վկայող փաստերը շատ են ու ամենուր, և դրանք տեսնելու համար ջանք առանձնակի պետք չէ գործադրել: Ջանք պետք է գործադրել լավ ապագայի նախադրյալները տեսնելու և դրանց շուրջ մտածելու համար, որովհետև այն ինչ տեղի է ունենում իրականության մեջ, նախ տեղի է ունենում մեր մտքում:

Իմ կուսակցությունն «Ապագա կա՛» կարգախոսը որդեգրեց այն պայմաններում, երբ թվում էր՝ մեր երկրում ու տարածաշրջանում լավատեսության համար ոչ մի հույս չկա: Հիմա այդպես է գլոբալ առումով: Եվ ես ուզում եմ Ապագայի գագաթաժողովում հնչեցնել այդ համոզմունքը, Ապագա կա, ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը: Ի տարբերություն նախորդ երեք անգամների` ես Գլխավոր ասամբլեայի իմ այս տարվա ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան հարևան երկրներին մեղադրելու։ Եվ դա դրական մտածելու և հնարավորությունների մասին խոսելու հնարավորություն կտա։ Այո՛, առայժմ միայն խոսենք, քանի որ «Սկզբում էր Խոսքը, Խոսքը Աստծու հետ էր, և Խոսքը Աստված էր»:

Ուստի պետք է սկսել լավ խոսքերից։ Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ։ Եկեք դա անենք:

Շնորհակալություն ուշադրության համար»։

  • Կիսվել: