երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետք է կարողանանք ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության հարցը լուծել. ՀՀ նախագահ

Պետք է կարողանանք ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության հարցը լուծել. ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է, որ իշխանությունը ժամանակի մեծ մասը նվիրում է հենց Լեռնային Ղարաբաղում ապրող հայրենակիցների անվտանգության հարցի լուծմանը:

Խաչատուրյանն այս մասին վստահեցրեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե իշխանությունն Արցախի հարցում նահանջել է, իջեցրել է նշաձողը:

«Ես կարծում եմ ընդհակառակը: Կա ճշմարտությունն ասելու ու ճշմարտությունը լսելու պատրաստակամության խնդիր: Մենք հասել ենք այն հանգրվանին, որ պետք է կարողանանք ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության հարցը լուծել: Որևէ մեկնաբանություն, թե իշխանությունը մոռացել է, դրանով չի զբաղվում, իրականության հետ ընդհանրապես կապ չունի: Մեր ժամանակի մեծ մասը հենց նվիրված է դրան: Շատ բարդ բանակցային գործընթաց է ընթանում: Որևէ մեկի մտքով թող չանցնի, թե այդպիսի տրամադրություններ կան իշխանությունում: Չի եղել և չի էլ կարող լինել»,-ասաց նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե խաղաղության հնարավոր պայմանագրի կնքման համար ո՞ր կետերում են Հայաստանի և Ադրբեջանի տարաձայնությունները՝ Խաչատուրյանն ասաց, որ տարաձայնությունները հիմնական հարցի շուրջ են՝ վերաբերվում է հենց Լեռնային Ղարաբաղին:  Նա վստահեցրեց՝ հայկական կողմի ձգտումն է հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրել:

  • Կիսվել: