չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Պետք է հասնել նրան, որ նման հակահայկական բանաձեւ ԱՄՆ Սենատում չդրվի քվեարկության. «Վերնատուն»

Պետք է հասնել նրան, որ նման հակահայկական բանաձեւ ԱՄՆ Սենատում չդրվի քվեարկության. «Վերնատուն»

Հուլիսի 23-ին «Վերնատուն»  հասարակական-քաղաքական ակումբի գրասենյակում տեղի է ունեցել ակումբի Արցախի, անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնած արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված հակահայկական բանաձեւը:

Քննարկման արդյունքում հանձնաժողովն արձանագրել է․

«Վերջերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում շրջանառված եւ ըստ էության ընդունված բանաձեւը կարելի է համարել Հայաստանի դիվանագիտության պատմության մեծագույն ֆիասկոն Միացյալ Նահանգներում:

Իրավամբ, սա ԱՄՆ Կոնգրեսում երբեւէ շրջանառված ամենահակահայկական բանաձեւն է: Բանաձեւը շրջանառվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության ուղիղ ֆինանսավորմամբ եւ Թուրքիայի դեսպանության ակտիվ աջակցությամբ, որն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ակնհայտորեն՝ Ռուսաստանի դեմ։ Այս բանաձեւի նախագիծը տեւական ժամանակ եղել է Պալատի օրակարգում, մինչդեռ հայկական դիվանագիտության կողմից եղել է զրո արձագանք։

Բանաձեւի մի քանի ձեւակերպումներ ոչ միայն խեղաթյուրում են իրականությունն ու ԼՂ հակամարտության պատմությունը, այլեւ տրամագծորեն ձեւախեղում են խաղաղ կարգավորման ողջ տրամաբանությունը, կրում են ակնհայտ թշնամական բնույթ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության նկատմամբ։

Մասնավորապես, անդրադառնալով Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում 1991 թվականից ներքին տեղահանվածների խնդրին, բանաձեւում նշվում է, որ պետքարտուղարն ու պաշտպանության քարտուղարը պարտավոր են․

«Օրենքի ընդունումից ոչ ուշ, քան 180 օր հետո Կոնգրեսին ներկայացնել զեկույց

(1) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի այն քաղաքացիների թվի մասին, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:

(2) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թվի մասին, 1991 թվականից ի վեր»:

Նման խայտառակ ձեւակերպումներով փաստաթղթի ընդունումը լուրջ եւ անշրջելի հարված է հասցնելու 1992 թվականից ԵԱՀԿ Մինսկի Խմբի ձեւաչափով ընթացող ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին եւ կասկածի տակ է առնելու ԱՄՆ դերակատարությունը՝ որպես անաչառ միջնորդ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն։ Սա լուրջ հարված է հասցնելու նաեւ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին։

Այս բանաձեւը արմատապես խեղաթյուրում է հակամարտության կարգավորման մոտ 30 տարիների ընթացքում ձեւավորված միջազգային իրավական ողջ բազան։ Բանաձեւը հակասում է ոչ միայն ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված 4 բանաձեւերին, այլեւ նաեւ հենց ԱՄՆ Կոնգրեսի կողմից եւ 1991թ․ ընդունված 128-րդ եւ 1992թ․ ընդունված 907-րդ բանաձեւերի էությանն ու բովանդակությանը։

Միաժամանակ այս բանաձեւով փորձ է արվում մաքրել Ադրբեջանին նրա բոլոր մեղքերից՝ որպես պատերազմը հրահրող ու սկսող, որը միշտ փորձել եւ հիմա էլ փորձում է հակամարտությունը լուծել բացառապես ռազմական ճանապարհով, անգամ միջուկային ահաբեկչությամբ: Ավելին, այս բանաձեւով փորձ է արվում ագրեսոր Ադրբեջանի բոլոր մահացու մեղքերը բարդել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության վրա։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների աշխատանքին, ապա կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում պետք է անհապաղ գործողությունների կոնկրետ ծրագիր մշակել եւ քայլեր ձեռնարկել Պետքարտուղարության միջոցով այս բանաձեւը Սենատի օրակարգից հանելու նպատակով։ Նման նախադեպեր Պետքարտուղարությանը հայտնի են եւ պատմության ընթացքում բազմիցս կիրառվել են։

«Վերնատուն»  հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին, օգտագործելով թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի ողջ քաղաքական, փորձագիտական եւ լոբբիստական ներուժը, բոլոր հնարավոր խողովակներով աշխատել ԱՄՆ իշխանությունների հետ եւ հասնել նրան, որ նման բանաձեւ Սենատում չդրվի քվեարկության»:

  • Կիսվել: