երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պետք է գույքագրենք այն խնդիրները, որոնք խոչընդոտում են այսօր երկրին, սահմանադրական անվտանգությանը․ Վարդանյան

Պետք է գույքագրենք այն խնդիրները, որոնք խոչընդոտում են այսօր երկրին, սահմանադրական անվտանգությանը․ Վարդանյան

Պետք է գույքագրենք այն խնդիրները, որոնք խոչընդոտում են այսօր երկրին, սահմանադրական անվտանգությանը։ Այս մասին այսօր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստի ընթացքում նշեց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Մենք պետք է հասկանանք, թե որտեղ է սահմանադրական այս կամ այն լուծումն առաջացնում խնդիր: Վերջին շրջանում, հատկապես հետպատերազմյան ընթացքում մենք հասկանում ենք, որ մեր առջև դրված մարտահրավերները մի փոքր այլ են:

Առնվազն վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ-ում սահմանադրական քննարկումների առանցքում եղել են առավել զարգացած երկրների սահմանադրություններ, որոնք չեն բախվել ռազմական լուրջ կոնֆլիկտների, այսինքն՝ կրկնօրինակում ենք սահմանադրական այն մոդելները, որոնցում այլ մարտահրավերներ կան, կամ որոնց համար մարտահրավերների մի մասն այլևս մարտահրավեր չէ»,- ասաց Վարդանյանը:

Վարդանյանն ընդգծեց, որ Սահմանադրությունը պայմանագիր է պետության և ժողովրդի միջև: Նա կարևոր համարեց, որ թղթի վրա գրված և իրական Սահմանադրությունը պետք է համահունչ լինեն:

«Մեզ մոտ սահմանադրությունները հիմնականում քննադատվում են ոչ թե բովանդակության տեսանկյունից, այլ ընդունման ձևի տեսանկյունից: Պետք է մտածենք, թե ինչպես այն մատուցենք և ինչպես ապահովենք այնպիսի հանրաքվե, որն արտացոլի հանրության մեծամասնության կարծիքը»,- ասաց Վարդանյանը: 

  • Կիսվել: