երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետք է արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանն առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ. Մարիա Կարապետյան

Պետք է արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանն առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ. Մարիա Կարապետյան

Ընդհանուր առմամբ մեր գործընկերների հետ, թե՛ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, և թե՛ առանձին հանդիպումների ու զրույցների ժամանակ ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցի վերաբերյալ, թերևս, առավելագույն ուշադրությունը փորձում ենք գրավել այն հանգամանքին, որ ի սկզբանե Հայաստանի դիրքորոշումը ժողովուրդների իրավունքների և տվյալ պարագայում արցախցիների ինքնորոշման  իրավունքի շրջանակում է եղել: Փորձում ենք փաստերի և փաստարկների լեզվով հնարավորինս ապացուցողական  տվյալներ ներկայացնել այն մասին, թե ինչու է այս պահի դրությամբ կարևոր արցախցիների հենց գոյութենական խնդրի վերհանումն ու դրա մասին մեր գործընկերներին ներկայացնելը»։ 

Անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակի մասին միջազգային գործընկերներին ներկայացնելուն՝ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Աղաջանյանի կարծիքով՝ սա թերևս ամենաանկյունաքարային խնդիրն է և թեման, որի հետ կապված բոլոր պատվիրակությունները պետք է քննարկումներ ունենան արտասահմանցի գործընկերների հետ. «Մենք հնարավորինս հաճախ քնարկում ենք և հիշեցնում ենք մեր գործընկերներին այս տարվա մարտին տեղի ունեցած իրադարձություններն Արցախում, մասնավորապես գազի մատակարարման անջատումները սահմանային տարածքներում, արցախցիներին բարձրախոսներով ահաբեկումը, ինչպես նաև այն բազմաթիվ դեպքերը, երբ քաղաքացիական անձանց վրա կրակ է բացվել, որի արդյունքում ոչ միայն վիրավորներ, այլև ցավոք զոհեր ունենք: Սրանք փաստեր են, որոնք պետք է մշտապես մեր գործընկերների ուշադրությանն արժանանան: Երբ մենք քննարկում ենք հնարավոր հանգուցալուծման մասին, մեր միջազգային գործընկերները պետք է հասկանան, թե ինչ կոնտեքստում է քննարկվում այս հարցը և ինչ փաստացի խնդիրների են առնչվում արցախցիները՝ ապրելով իրենց հայրենիքում»: 
Ըստ Էդուարդ Աղաջանյանի՝ ադրբեջանական դիվանագիտությունն առնվազն վերջին շրջանում փորձում է անել առավելագույնը, որպեսզի այդ փաստարկները չլսվեն. «Նրանք ձևավորում են աղմուկի նմանվող ինչ-որ խոսակցություն, ըստ էության, բառացի նույն բաներում մեղադրելով մեր պատվիրակությանը»: 

ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ անդրադառնալով խնդրին՝ նշեց. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական սահման կա: Ալմա-Աթայի հռչակագրին հղում կատարելով սա վերահաստատելը ոչ մի առնչություն չունի ԼՂ հիմնախնդրի հետ, հակառակ պարագայում կստացվեր, թե ԼՂ հիմնախնդիրը գոյություն ունի այնքանով, որքանով Հայաստանը վիճարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը: Պետք է արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանն առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ»:

  • Կիսվել: