ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետք է ապրել խաղաղ և թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. Լիտվայի Սեյմի պատվիրակության ղեկավար

Պետք է ապրել խաղաղ և թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. Լիտվայի Սեյմի պատվիրակության ղեկավար

Այսօր ծանոթացանք փաստերի հետ, որոնք մեզ հայտնի չեն եղել: Լիտվայի ժողովուրդն էլ է անցել դժվարությունների միջով, բայց մեր պատմությունն այդքան ողբերգական չէ: Պետք է ապրել խաղաղ, միշտ հիշել անցյալը, դրանից անել հետևություններ և թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. ասել է Լիտվայի Հանրապետության Սեյմի պատվիրակության ղեկավար Ռիմանտե Շալաշևիչիուտեն: Նրա գլխավորած պատվիրակությունն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանի և Գայանե Եղիազարյանի ուղեկցությամբ ապրիլի 5-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են  խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Լիտվայի  խորհրդարանականներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Պատվիրակության անդամ, Լիտվայի Հանրապետության Սեյմի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թոմաս Վիտաուտաս Ռասկևիչյուսը, ծանոթանալով վավերագրերին, ասել է. «Կարծում եմ` մարդկությունը պետք է ուշադիր լինի անցյալում տեղի ունեցած դաժանությունների` հատկապես Հայոց ցեղասպանության հանդեպ: Ուզում եմ համոզված լինել, որ այսպիսի դաժանություններ այլևս չեն կրկնվի»:

  • Կիսվել: