հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 մլն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 մլն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ

Կառավարության նիստն այսօր վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց օրակարգային առաջին հարցը․ նախատեսվում է Եվրասիական բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանին տրամադրել 1 միլիոն 719 հազար 200 ԱՄՆ դոլար՝ էներգախնայողությանն ուղղված ծրագրի համար։ 

«Ծրագրի նպատակն է հասարակական նշանակության շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումը։ Ծրագիրն ամբողջությամբ միտված է այդ ուղղությամբ 5-6 ուղղություններով աշխատանքներ իրականացնելուն։ Ծրագրի իրականացումը համահունչ է «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում ամրագրված միջազգային համագործակցության շրջանակներում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի մշակման և նախագծերի իրականացման ուղղությանը»,- ասաց Սանոսյանը։

Ծրագրով նախատեսվում է պետական ու համայնքային պատկանելության 20 շենքերում 50 տոկոս էներգախնայողության ծրագրեր իրականացնել, ինչը կհանգեցնի տարեկան առնվազն 3000 մեգավատ-ժամ էլեկտրաէներգիայի խնայողություն  և 700 տոննա ածխաթթու գազի արտանետման ցուցանիշների նվազեցման:

  • Կիսվել: