ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատրաստվում ենք խորապես ներգրավված մնալ դիվանագիտության մեջ՝ բռնությանը վերջ տալու համար. ԱՄՆ պետդեպ

Պատրաստվում ենք խորապես ներգրավված մնալ դիվանագիտության մեջ՝ բռնությանը վերջ տալու համար. ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցում հայտարարել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է մնալ խիստ մտահոգիչ:

«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակվող հարձակումներով:

Մեզ հատկապես անհանգստացնում են Հայաստանի ներսում խաղաղ բնակչության տուժելու վերաբերյալ շարունակական հաղորդումները: Ինչպես գիտեք, պետքարտուղար Բլինկենը, այս շաբաթվա սկզբին ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո, հնարավորություն է ունեցել մեկ գիշերում խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Նա փոխանցել է մեր խորը մտահոգությունն իրենց ընդհանուր սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի ներսում գնդակոծությունների մասին հաղորդումների վերաբերյալ։

Նա կոչ է արել նախագահ Ալիևին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել ռազմական ուժերը, հետ քաշել ուժերը սահմանից և դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք կարող են վտանգել խաղաղ բնակչությանը, և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով:

Այս համատեքստում մենք նախկինում ինչպես առաջնորդներին, այնպես էլ բոլոր մակարդակներում հասկացրել ենք, որ այս վեճը ռազմական լուծում չի կարող ունենալ: Եվ մենք երկու կողմերին հորդորել ենք ձեռնպահ մնալ հետագա ռազմական գործողություններից և ներգրավվել երկխոսության և դիվանագիտության մեջ։ Մեր կողմից մենք շարունակում ենք խորապես ներգրավված լինել:

Դեսպան Ռիկերը, որը մեր ավագ խորհրդականն է կովկասյան բանակցությունների գծով, դեռ Բաքվում է։ Նա... հանդիպել է Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարների հետ։ Դեսպան Ռիկերը Բաքվում հանդիպել է նախագահ Ալիևի հետ։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով մեր բյուրոյի պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը... զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ։ Եվ մենք հավատարիմ ենք մնում անելուն հնարավորը Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելու համար:

Քարտուղար Բլինկենը, դեսպան Ռիկերը, պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը և բյուրոյի անդամները մի շարք զրույցներ են ունեցել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև շահագրգիռ այլ կողմերի և գործընկերների հետ: Չենք կարող մանրամասնել այդ բոլոր ներգրավվածությունները, բայց ինչպես ես երեկ ասացի, մենք պատրաստվում ենք խորապես ներգրավված մնալ դիվանագիտության մեջ։ Մենք պատրաստ ենք անել հնարավորը երկկողմանի, բազմակողմ հիմքերի վրա, որպեսզի այդ ռազմական գործողությունները ավարտվեն և լարվածությունը թուլացվի:Մենք մի շարք զրույցներ ենք ունեցել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Չէի ցանկանա մանրամասնել դրանց բովանդակությունը, բայց մենք երկու երկրների պաշտոնյաներին, տարածաշրջանի պաշտոնյաներին հասկացրել ենք, նաև հրապարակայնորեն ասել ենք, որ պատրաստ ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ցանկացած ձևով։ Դա կառուցողական կլինի այս բռնությանը անհապաղ վերջ դնելու և լարվածության թուլացման համար»,- ասել է Նեդ Փրայսը:


  • Կիսվել: