չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պատմությունը ցույց է տալիս՝ գրեթե միշտ այն իշխանությունները, որոնք հայտնվում են նման պարտված կարգավիճակում, հրաժարական են տալիս. Գոռ Գևորգյան

Պատմությունը ցույց է տալիս՝ գրեթե միշտ այն իշխանությունները, որոնք հայտնվում են նման պարտված կարգավիճակում, հրաժարական են տալիս. Գոռ Գևորգյան

Անցած շաբաթ Ազգային ժողովի պատգամավոր Գոռ Գևորգյանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու և գործունեությունը որպես անկախ պատգամավոր շարունակելու մասին։ Խորհրդարանի միջանցքում լրագրողները պատգամավորից հետաքրքրվել են որոշման պատճառների մասին և հարցրել՝ արդյո՞ք վարչապետը պետք է հրաժարական տա և տեղի ունենան արտահերթ ընտրություններ։

«Ընդհանրապես պատմությունը ցույց է տալիս, որ գրեթե միշտ այն իշխանությունները, որոնք արձանագրում են պարտություն, հայտնվում են նման պարտված կարգավիճակում, սովորաբար, հրաժարական են տալիս»,- ասել է Գոռ Գևորգյանը՝ պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի, թե ոչ:

Նրա խոսքով՝ հանգուցալուծումը պետք է լինի միմիայն Սահմանադրության շրջանակներում և ցանկացած ուժ, ցանկացած կուսակցություն և առհասարակ մարդիկ, ովքեր այս ուղղությամբ մտահոգություն ունեն, պետք է լինեն պետականամետ իրենց ուղերձներով, մտածելակերպով և հասկանան, որ մեր ժողովրդի բարեկեցությունը, ապագան միմիայն Սահմանադրությանը հետևելով է։

Անդրադառնալով խմբակցությունից դուրս գալու որոշմանը՝ Գոռ Գևորգյանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկներ է ներկայացրել, որոնց վերաբերյալ տարաձայնություններ են եղել:

«Ինձ համար կա մի առաջնահերթություն, դա ազգային պետական շահն է, հետո նոր իմ անձը: Այս պահի դրությամբ ես իմ հայտարարության մեջ ևս մեկ անգամ վերահաստատել եմ, որ ինձ համար համազգային համերաշխությունը, համախմբվածությունը, երկխոսությունը այն առաջնահերթություններն են, որոնց միջոցով կարող ենք դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից»,-ասել է պատգամավորը:

  • Կիսվել: