Պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորներին
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին: Այս խոսքերով իր վերջին ելույթը ԱԺ արտահերթ նիստում սկսեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ԱԺ դահլիճում ներկա պատգամավորներին:
«Ես անկեղծ շատ հպարտ եմ, որ միասին աշխատել ենք, հպարտ եմ, որ այդ ծանր բաների միջով միասին ենք անցել ու կյանքում իրար չենք կասկածել: Նաև լավ բաների համար եմ հպարտ, որ էն ճամփորդությունները, էն իրադարձությունները, այն բանակցություններն ու միջազգային հանդիպումները, որը միասին ենք իրականացրել, իրոք պատմական են»,- հայտարարեց Սիմոնյանը:
Իր խոսքում շնորհակալություն հայտնելով գործընկերներին, շնորհակալանքի խոսքեր հղեց նաև աշխատակազմի անդամներին:
Նա հաջողություն մաղթեց նաև ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին՝ մաղթելով, որ նա լինի երկրորդ Ազգային ժողովի նախագահը, որը 5 տարի կպաշտոնավարի այդ պաշտոնում:
Սիմոնյանը նաև նշեց՝ եթե իր աշխատանքի ընթացքում ինչ-որ մեկի նկատմամբ անարդար է եղել, թող ներողամիտ լինեն իր հանդեպ:
«Դուք գիտեք, որ ես բոլորիդ սիրում եմ, ու որքան կարևոր եք բոլորդ ինձ համար:
Եվ վերջում՝ կեցցե՛ն նահատակները, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- խոսքը եզրափակեց ԱԺ նախագահը:


