Պատկերացրեք, որ Հայաստանը դառնա այնքան հզոր, որ կարողանա մյուս ազգերի համար էլ գրավիչ լինել. Սինանյան
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ՛՛Ազատության՛՛ եթերում ասել է, որ իրեն թվում էր, որ բոլորի համար է պարզ՝ աճող, հզոր պետությունները երբեք միատարր չեն ու միշտ հզորանում են այլ ազգերին իրենց մեջ բուծեցնելու հաշվին:
Նա պատմական ակնարկներ է արել՝ ասելով. ՛՛Արգիշտին ասում է, որ այսինչ տեղում գրավել է այսինչ ժայռը, այսինչ տեղից այսինչ ցեղերին բերել ու բնակեցրել է այնտեղ: Տիգրան Մեծը, որով բոլորս հպարտանում ենք, 300 հազար հրեաների բերեց Հայաստան, որպեսզի շենացնի մեր երկիրը՛՛:
Սինանյանի խոսքով՝ ցանկացած պետություն, բացի կղզիացածներից, այդպես է, իսկ ահա ճապոնացիները մի քիչ տարբեր են. ՛՛Ճապոնացիները կորեացիների ու չինացիների սինթեզ են, որոնք 2 հազար տարում դարձել են ճապոնացի՛՛:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հավելել է, որ ցանկացած մայրցամաքային զարգացած մեծ պետություն իր պատմության ընթացքում չի մեծացել զուտ իր հաշվին, այլ կարողացել է իր մեջ կլանել այլ ազգերի։ ՛՛Պատկերացրեք, որ Հայաստանն էլ դառնա այնքան հզոր, ուժեղ, որ կարողանա մյուս ազգերի համար էլ գրավիչ լինել: Դա արդեն ինքնին հաջողություն է՛՛,-նշել է նա:


