երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Պատիվ ունեմ»-ն ամբողջ կազմով հավաքվել էր «Ծիրանի»-ում. խոսել է նաև Սերժ Սարգսյանը

«Պատիվ ունեմ»-ն ամբողջ կազմով հավաքվել էր «Ծիրանի»-ում. խոսել է նաև Սերժ Սարգսյանը

Շաբաթ օրը «Պատիվ ունեմ» դաշինքի անդամները Սերժ Սարգսյան գլխավորությամբ հավաքվել էին «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Նպատակն էր` ամփոփել հետընտրական իրավիճակն ու նոր խորհրդարանի առաջին նստաշրջանը:

Հանդիպմանը մասնակցել է մոտ 80 մարդ` դաշինքի մաս կազմող «Հայրենիք» և Հայաստանի Հանրապետական կուսակցություններից: Հանդիպման ֆորմատը եղել է աշխատանքային քննարկում` սեղանի շուրջ անմիջական մթնոլորտում: Կենացներն ու քննարկումը վարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Մեզ ասացին, որ ֆրակցիայի մեկնարկն ընդհանուր առմամբ դրական են գնահատել, ավելի շատ խոսվել է հետագայի ծրագրերից, թե ինչպես պիտի իրեն պահի փոքրաթիվ խմբակցությունը իշխանության դեմ պայքարում: Վերջում իր ծանրակշիռ խոսքն է ասել նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա որևէ մեկից դժգոհություն կամ հատուկ գոհունակություն չի հայտնել, միայն գուցե հատուկ ոմանց համար ընդգծել է, որ ովքեր «Պատիվ ունեմ» դաշինք են մտել պաշտոնի ակնկալիքով, ապա սխալ ճանապարհ են ընտրել, իրենց գլխավոր նպատակը մեկն է` հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին իշխանությունից, գրում է  «Հրապարակը»։

  • Կիսվել: