երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
«Պատիվ ունեմ» դաշինքն այս փուլում չի պատրաստվում համագործակցել ներկա իշխանությունների հետ․ Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքն այս փուլում չի պատրաստվում համագործակցել ներկա իշխանությունների հետ․ Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքն այս փուլում չի պատրաստվում համագործակցել ներկա իշխանությունների հետ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից համագործակցության որևէ առաջարկ չի ստացել, ստանալու դեպքում էլ չի կարծում, որ կարող են նրա հետ հանդիպել և ինչ-որ բանի շուրջ զրուցել:

«Որոշ ժամանակ թող անցնի, տեսնենք ընտրությունների վերջնական արդյունքն ինչպիսինն է, Սահմանադրական դատարանը, եթե դիմում ենք, ի՞նչ է որոշում, վերահաշվարկների արդյունքում ի՞նչ է գրանցվում, դրանից հետո ավելի կոնկրետ կխոսենք»,- հավելեց Վանեցյանը:

Հարցին` որևէ իրավիճակում պատրաստվո՞ւմ են համագործակցել ներկա իշխանությունների հետ, Վանեցյանը բացասական պատասխան տվեց.

«Ներկա իշխանությունների հետ չեմ պատրաստվում համագործակցել այս փուլում և չեմ կարծում, որ նման օրակարգ կունենանք»,- եզրափակեց Վանեցյանը: 

Անդրադառնալով հունիսի 21-ին Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթին, նա նշեց․

«Ես տեսա նույն սպառլանիքների տարափ, ուղղակի ձեւակերպված ավելի մեղմ եւ ավելի գեղեցիկ բառերով: Չես կարող համերաշխության կոչ անել, միաժամանակ ասել, որ բոլորին պառկացնելու ենք, նստացնելու ենք, էս ենք անելու, էն ենք անելու: Խոսքերին հավատալ չեմ ուզում եւ չեմկարող: Եթե Նիկոլ Փաշինյանն իրապես ուզում է համերաշխություն մեր հասարակության մեջ, հանգստություն մեր երկրին, ապա իր քայլերով պետք է շատ կարճ ժամանակում ցույց տա, որ ինքը փոխվել է:

3 տարիներին նրա կոչերը, հայտարարությունները եւ իրողությունները էապես տարբերվել են իրարից: Եթե նա կփորձի իրապես բերել մեր երկրին համերաշխություն ու հանգստություն, ես միայն ուրախ կլինեմ: Բայց դա միայն ժամանակը ցույց կտա: Մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային: Եթե տեսնենք, որ կարողանում է փոխվել, կարողանում է դառնալ իրապես պետական գործիչ, որին ես չեմ հավատում, ապա իհարկե, մենք պետք է գործենք այլ տրամաբանությամբ»։

  • Կիսվել: