ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Պատգամավորը գերիների հարցում հորդորեց լինել հետևողական, քանի որ ծնողները տեղեկացրել են՝ հետագա քայլերի համար չեն կրելու պատասխանատվություն

Պատգամավորը գերիների հարցում հորդորեց լինել հետևողական, քանի որ ծնողները տեղեկացրել են՝ հետագա քայլերի համար չեն կրելու պատասխանատվություն

Հանդիպել եմ Մարտունի 3-ի 7-րդ վաշտի զինծառայողների ծնողներից 73-ի հետ, ովքեր նամակ են փոխանցել ինձ ու խնդրել են բառացի կարդալ այն: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց Սոֆյա Հովսեփյանը:

Խոսքը վերաբերում է 67 զոհի ու 6 անհետ կորած զինծառայողների ծնողներին:

Նամակում գրված է, որ մինչև հոկտեմբերի 10-ը երեխաները գտնվել են Մարտունի 3-ում, մարտական դիրքերում, հետո Ջալալ Հարությունյանից հրաման է եկել, որ կոնկրետ այդ պոստերում հարձակում է սպասվում, խաբելով ասել են, որ տանում են ապահով վայր: Սակայն որոշումը եղել է կոնկրետ Հադրութ տեղափոխել, որը հանձնված է եղել հոկտեմբերի 9-ից, իսկ 73 հոգանոց վաշտը տեղափոխել են հոկտեմբերի 11-ին:

Ծնողներն ԱԺ պատգամավորներից ու պետական մարմիններից պահանջում են գործը քննչական մարմիններից տեղափոխել ԱԱԾ-ի տիրույթ, կազմել քննչական խումբ ու զբաղվել այս դիտավորյալ սպանության բացահայտմամբ.

«Մեր համոզմամբ պատասխանտուներն են Ջալալ Հարությունյանը, գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը, գումարտակի հրամանատար Մխիթար Ավանեսյանը, կորպուսի հրամանատար Կարեն Առուստամյանը, ՊԲ բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանը: Արդարացի լուծում չտալու դեպքում մենք՝ ծնողներս, պատասխանատու չենք մեր քայլերի համար»:

Պատգամավորն ասաց, որ այս դեպքով գործ է հարուցվել, սակայն ամեն ինչ շատ դանդաղ է արվում, ինչն էլ առաջացրել է ծնողների ցասումը:

Հովսեփյանը բոլոր պատկան մարմիններին հորդորեց լինել հետևողական, քանի որ ծնողները տեղեկացրել են, որ հետագա քայլերի համար չեն կրելու պատասխանատվություն, հիմա ասում են, որ հետո չասեն, թե չեն տեղեկացրել:

  • Կիսվել: