չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պատգամավորների մասով այս շաբաթ որոշում կլինի. ովքեր են խախտել պահանջը. «Ժողովուրդ»

Պատգամավորների մասով այս շաբաթ որոշում կլինի. ովքեր են խախտել պահանջը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս շաբաթ որոշումներ է կայացնելու՝ Ազգային ժողովի ՔՊ-ական, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների նկատմամբ՝ «անհամատեղելիության պահանջի առերեւույթ խախտման» հիմքով հարուցված վարույթներով:

Ի դեպ, գրել էինք, որ պատգամավորները ստացել էին հանձնաժողովի ծանուցումները, որ իրենց դեմ վարույթ կա: Հայաստանի Հանրապետությունում պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ: Ստացվում է, որ հանձնաժողովը պատգամավորների գործունեության մասով խախտում է գտել (նրանք նաեւ բիզնես գործունեությամբ են զբաղվում), ինչը անհամատեղելի է:

Իսկ ովքե՞ր են այն պատգամավորները, որոնց նկատմամբ հանձնաժողովը վարույթ է հարուցել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վարույթ է հարուցվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եւ եւս մի քանի ՔՊ-ականների մասով. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեռեւս անցած տարի Գեղամ Նազարյանը հաստատել էր, որ ծանուցում ստացել է հանձնաժողովի կողմից՝ իր նկատմամբ հարուցված վարույթի մասով, եւ նշեց, որ դա թյուրիմացություն է եղել. ինքը կգնա վարույթի մասով նշանակված նիստին եւ կպարզաբանի ամեն ինչ:

Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ ծանուցումը ստացել են, եւ տեղի ունեցածը իրենց համար թյուրիմացության հետեւանք է, ինչով այս պահին զբաղվում են իրավաբանները: Պետք է շտկվի խնդիրը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 107 պատգամավորների հայտարարագրերը ուսումնասիրվում են, եւ չի բացառվում, որ ցանկը այսքանով չավարտվի, այլ պատգամավորների մասով եւս խախտումներ հայտնաբերվեն:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: