շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պատերազմից հետո մի կողմը ստացավ այն ամենը, ինչ ուզում էր, իսկ երկրորդը զրկվեց ազդեցության բոլոր լծակներից

Պատերազմից հետո մի կողմը ստացավ այն ամենը, ինչ ուզում էր, իսկ երկրորդը զրկվեց ազդեցության բոլոր լծակներից

Պատերազմից հետո մի կողմը ստացավ այն ամենը, ինչ ուզում էր, իսկ երկրորդը զրկվեց ազդեցության բոլոր լծակներից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Միշտ Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ քննարկումների ժամանակ մենք անդրադարձել ենք տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին, բայց այդ հարցը պետք է լիներ վերջին, եզրափակիչ կետը»,- նշել է նա։

Հայաստանի երկրորդ նախագահը նկատել է, որ Բաքուն ուժով լուծել է տարածքների վերադարձի հարցը, և մեզ մոտ, փաստորեն, ոչինչ չի մնացել, Ինչի դիմաց պետք է քննարկվի Արցախի կարգավիճակը:

«Այժմ Ադրբեջանն այդ հարցը լուծված է համարում։ Եվ Բաքուն կանի ամեն հնարավորը, որպեսզի մաս-մաս գրավել ԼՂՀ մնացած տարածքները։ Ես կարծում եմ, որ հաղորդակցության ապաշրջափակումը լավ է, բայց այդ հարցը պետք է տեղավորվի տեղի ունեցողի տրամաբանության մեջ», - նկատել է Քոչարյանը։

Նա նաեւ ընդգծել է, որ ամենացավալին այն է, որ Մեղրիի հատվածը կվերահսկեն ռուս սահմանապահները: Այսինքն, ըստ էության, այդ հատվածում Հայաստանը ոչ մի ազդեցություն չի ունենա։ «Իսկ դա եղել է Ադրբեջանի մշտնջենական երազանքը: Քի-Վեստում Մեղրիով մեկ սուվերեն միջանցք ստանալու դիմաց Ադրբեջանը պատրաստ էր համաձայնել Արցախի և Հայաստանի միավորմանը: Իսկ հիմա ինչ տեղի ունեցավ, նրանք վերցրեցին յոթ շրջանները, պատմական Արցախի մի մասը, դեռ մի բան էլ հնարավորություն ստացան Մեղրիով սուվերեն միջանցք ունենալ: Նրանք ստացան այն ամենը, մի բան էլ ավելին, ինչին ձգտում էին: Իսկ մենք զրկվեցինք ազդեցության բոլոր լծակներից:

Ես չեմ բացառում, որ Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի հայերը չկարողանան օգտվել բացվող հաղորդակցություններից։ Կարող է թանկացնել իր տարածքով անցնող երկաթգծի բեռնափոխադրումների սակագինը», - եզրափակեց Քոչարյանը։

  • Կիսվել: