հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դեռ 2021-ի սկզբին եմ ասել, որ վստահ եմ՝ Օնիկ Գասպարյանը չի ասել՝ պետք է դադարեցնել պատերազմը. իմքայլական պատգամավոր

Դեռ 2021-ի սկզբին եմ ասել, որ վստահ եմ՝ Օնիկ Գասպարյանը չի ասել՝ պետք է դադարեցնել պատերազմը. իմքայլական պատգամավոր

Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով անպայման ստեղծվելու է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը: 

«Քննիչ հանձնաժողովն ունի ստեղծման ժամանակ: Ե՞րբ պետք է ստեղծվի՝ հիմա՞, մեկ ամիս հետո՞, թե՞ մեկ ամիս առաջ պետք է ստեղծվեր: Ես գտնում եմ, որ պետք է մի քանի ամիս սպասել՝ ոչ այդքան երկար: Պատերազմի ընթացքում հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր: Դրանց թիվը հարյուրավոր է, եթե չասեմ՝ հազարավոր: Այդ գործերով նախաքննություն է իրականացվում», - նշեց նա:

Օրենսդրի ներկայացուցչի խոսքով՝ եթե քննիչ հանձնաժողովը հիմա ստեղծվի, չեն կարողանալու ապացույցներ հավաքել: Ասում է՝ ապացույցների մի մասն արդեն քրեական գործերում են, դրանք չեն կարող տրամադրվել, մյուս մասը դեռևս ուսումնասիրության, գնահատման փուլերում են:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը չի հայտարարել, որ պատերազմը պետք է դադարեցնել, և հարցին՝ նման հայտարարությունը բանակին չի՞ վնասում, Խաչատրյանը նախ արձագանքեց, թե բանակին նախևառաջ վնասել է բանակի բարձրաստիճան սպայակազմի կողմից Սահմանադրության նորմերի խախտումը։

«Ես 2021-ի սկզբին պատասխանել եմ, որ խիստ կասկածում եմ, որ Օնիկ Գասպարյանը նման հայտարարություն է արել, որ հնարավոր չէ կռվել, և պատերազմը պետք է դադարեցնել։ Ես վստահ էի, որ նման բան չի ասել։ Եվ հետո, եթե նա այդ ժամանակ ասում է, որ հնարավոր չէ կռվել, դա պետք է հետևանք ունենա, նշանակում է, որ պետք է ԳՇ պետին փոխելու մասին։ Եթե ԳՇ պետը նման հայտարարություն է անում, պետք է հետևյալ գործողություններն անել՝ սպայակազմը, ղեկավարը, ԳՇ պետը գուցե ի զորու չէ՞ իր պրոֆեսիոնալ մակարդակից ելնելով՝ շարունակել պատերազմը, և երկրորդ հարց՝ գուցե նրա ներկայացրած տվյալներն օբյեկտիվ են, բազմակողմանի վերլուծության արդյունքներ են, և պետք է գնահատական տալ ներկայացված փաստերին»,-ասաց նա։

  • Կիսվել: