Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն. Փաշինյան
Ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների` ՀՀ կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով 2024 թ–ի կառավարության ծրագրի կատարողականը։
«Ակնհայտ է, որ Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում և դա կյանքի կոչելու կոնկրետ գործողությունների դիմում։ Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, որին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով և Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա»,– հայտարարեց նա։
Վարչապետի խոսքով` այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ` չնայած մեկ ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։ Նա նշեց, որ այդ կրակոցները լսվել են մեր հանրապետության մի քանի բնակավայրերում։
«Այդ կրակոցները կամ Ադրբեջանի ԶՈւ–ում անկարգապահության հետևանք են, կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ ՀՀ–ն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելու միջոցառումներ»,– ասաց Փաշինյանը։
Նա ավելացրեց, որ ՀՀ բանակին հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ է տվել, և ՀՀ–ն պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի խախտման մասին տեղեկությունները։
Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց Ադբեջանին ուղղված իր առաջարկը` սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադադրի ռեժիմի խախտումների հետքննման համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով։
«Այս համատեքստում ուզում եմ անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և անգամ նոր պատերազմ։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա. Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը»,– ընդգծեց նա։
ՀՀ վարչապետը կոչով դիմեց Հայաստանում ու Ադրբեջանում գործող ուժերին ու անհատներին` լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են իր նշած տրամաբանությանը և կասկածի տակ չդնել այն, քանի որ դա որևէ հեռանկար չունի։
«Հայաստանի և Ադրբեջանի ժողվուրդներն արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։ Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն»,– եզրափակեց իր ելույթը Փաշինյանը։