Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը մեզ զգուշավոր լավատեսության հիմք է տալիս․ Տիգրան Ավինյան
Այսօրվա դրությամբ կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ, որից 258-ը գտնվում են ծանր վիճակում, 57-ը՝ ծայրահեղ ծանր, թոքային օդափոխման սարքերին միացված է 20 պացինետ։ Այդ մասին այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
«Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը մեզ զգուշավոր լավատեսության հիմք է տալիս։ Այսօր երկրում համաճարակաբանական իրավիճակը համարում ենք միջինից դեպի թեթև ընթացող վիճակ։ Իսկ առողջապահական տեսանկյունից իրավիճակը լիովին վերահսկելի է», -հայտարարեց Ավինյանը։
Այդուհանդերձ, օրական հաստատվող դեպքերի թիվը, ըստ պարետի, շարունակում է բարձր մնալ՝ միջինում 100-200 հոգի և եթե նախկինում հաստատվում էր հետազոտությունների 20 տոկոսի դեպքում, ապա այժմ՝ 10-15 տոկոսի միջակայքում է տատանումը։
«Սա նշանակում է, որ վարակվածության դեպքերի հայտնաբերելիությունը էապես բարելավվել է։ Կարող ենք արձանագրել, որ համավարակի տարածման կանխարգելման նպատակով սահմանված կանոնների կիրառումը մինչ այժմ դրական արդյունքներ է ապահովել», -հայտարարեց Ավինյանը։
Նա հույս հայտնեց, որ արտակարգ դրության 5-րդ երկարաձգումը վերջին անգամ է։


