երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Փաստ». Նախագահի լծակները փաստորեն շատ էին, իսկ ի՞նչ է ուզում «Լուսավոր Հայաստանը»

«Փաստ». Նախագահի լծակները փաստորեն շատ էին, իսկ ի՞նչ է ուզում «Լուսավոր Հայաստանը»

«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին նախագահ Արմեն Սարգսյանը շատ ծանր էր տանում, երբ 2015 թ. Սահմանադրությամբ նախագահին համեմատում էին «անգլիական թագուհու» հետ: Նա կարծիք էր հայտնել, թե մեր երկրում նախագահը օժտված է շատ ավելի մեծ լծակներով, քան եվրոպական խորհրդարանական կառավարմամբ շատ պետություններում:

Գուցե դա է պատճառը, որ նախագահը որոշեց հրաժարվել այդ «լծակներից» եւս մեկից եւ գիշերվա մթության «քողի տակ» ստորագրեց սահմանադրական փոփոխությունների մասին օրենքի տակ իր ստորագրության անհրաժեշտությունը վերացնող, այսինքն՝ իր իսկ լիազորությունները սահմանափակող օրենք: 

Այս հանգամանքն արդեն չափազանց կոշտ գնահատականների է արժանացել քաղաքական ուժերի եւ լայն հանրության կողմից: Շատերը նույնիսկ հիշել են քաղաքացիության տեղեկանքի հարցը, Ամուլսարի հարցը եւ մի շարք այլ խնդիրներ, որոնք կարող էին ստիպել նախագահին գնալ, ինչպես իրավաբաններն են գնահատում, իշխանությունների հակասահմանադրականության ճանապարհով:

Զուգահեռ, ինչպես գնահատում են քաղաքագետներն ու ընդդիմադիր ուժերը, փաստացի ընդդիմության լիազորությունը վայր դրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ ամբողջ մեկուկես օր «քննարկելով» ու նախագահի կողմից նշալ օրենքի ստորագրումից հետո (որը թույլ է տալիս նաեւ արագորեն ուժի մեջ դնել սահմանադրական փոփոխությունները) հայտարարելով, թե հիմա չեն միանում ՍԴ դիմելու՝ ԲՀԿ նախաձեռնությանը: 

Հաստատելով, որ իշխանությունները փաստացի Սահմանադրության խախտումներ են թույլ տվել՝ ԼՀԿ-ն, այդուամենայնիվ, իբր «Քոչարյանի գործով նիստի» հետ իրենց որոշումը չասոցացնելու շղարշով որոշել է հիմա չդիմել ՍԴ, այլ հետո, մի երկու շաբաթից, երբ գուցե դրա կարիքն այլեւս չլինի: 

Մեզ հետ զրույցում քաղաքագետներից մի քանիսը նշում էին, որ խորհրդարանն այլեւս ունի մեկ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի, իսկ ԼՀԿ-ն այրեց կամուրջներն ընդհանրապես ողջ քաղաքական դաշտի հետ, բացառությամբ իշխանության, եւ, ինչպես մասնավորաբար քաղաքագետ Վիգեն Հակոբյանը նշեց, «հարազատ մնաց իր «պսեւդո-ընդդիմություն ոճին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: