շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պաշտոնը ստանձնելուց հետո այնքան հայտարարություններ եմ արել, որ իրավապահ մարմինները չեն հասցնում զբաղվել դրանցով. Փաշինյան

Պաշտոնը ստանձնելուց հետո այնքան հայտարարություններ եմ արել, որ իրավապահ մարմինները չեն հասցնում զբաղվել դրանցով. Փաշինյան

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո այնքան հայտարարություններ եմ արել, որ ակնհայտորեն իրավապահ մարմինները չեն հասցնում զբաղվել դրանցով։  Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ական պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, որը վերաբերում էր հենց իր հայտարարությանը,  թե պետական համակարգում ծրարով աշխատավարձ ստանալու դեպքեր են լինում: 

Թանդիլյանը նաև ցանկացավ իմանալ, թե արդյոք այս երկու տարվա ընթացքում որևէ կոռուպցիոն բացահայտում եղել է՝ պետական համակարգում ծրարով աշխատավարձ ստանալու դեպքերի հետ կապված, և արդյոք վարչապետը հանձնարարելու է ԱԱԾ-ին զբաղվել հարցով:

«Ես իմ դժգոհությունը մի քանի անգամ հայտնել եմ, որ իրավապահները ոչ ամբողջ ծավալով են իրականացնում այն հակակոռուպցիոն քաղաքականությունը, որը ես ակնկալում եմ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ներկայիս կառավարության անդամներին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ  նախարարներին հարցաքննելու սովորություն չունի, անկեղ ասած, ցանկություն էլ չունի. «Երբ իրավապահ մարմիններն ի վերջո այնքան արդյունավետ կլինեն, որ կհասցնեն իմ բոլոր հայտարարություններով զբաղվել, կարծում եմ դա կնշանակի, որ մենք համակարգային լուրջ հաջողությունների ենք հասել»:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Թանդիլյանին հայտարարության մասին հիշեցնելու համար՝ նշելով, որ հանձնարարականներ տալու անհրաժեշտություն չկա, իրավապահները պետք է զբաղվեն դրանով։

«Բայց մյուս կողմից պետք է արձանագրել, որ նման պրոցեսը կարող է տեղի ունենալ երկու մարդու միջև, և դրանց բացահայտման հետ կապված ամեն ինչ չէ, որ հեշտ է նույնիսկ ամենազարգացած իրավապահ համակարգ ունեցող երկրներին: Ամեն դեպքում, այն պահին, երբ ես նման հայտարարություն արել եմ և դեռ դրանից էլ շատ առաջ, այդ երևույթն արդեն իսկ դադարեցված է եղել, բացառվել է նման երևույթի գոյությունը: Եթե նման տեղեկություն ունենաք, խնդրում եմ հայտնել այդ մասին: Նման բան չկա ու չի կարող լինել»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: